ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 12-ին Վատիկանում տեղի ունեցած պատարագը բնորոշեց որպես հոգեցունց, հոգեպարար, անկրկնելի պատմական երևույթ

Իտալիայից վերադառնալով Հայաստան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 12-ին Վատիկանում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագը բնորոշեց որպես հոգեցունց, հոգեպարար,  պատմական երևույթ:

 Անդրադառնալով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ելույթին նա հատկապես շեշտեց այն իրողությունը, որ Պապը Հայոց ցեղասպանությունը համարեց    20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որ հայերը ցեղասպանության են ենթարկվել  իրենց հավատի և ազգային պատկանելության համար: Ոճրագործությունը հիշելը պարտադիր է, որովհետև որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ ծածկել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի առանց դարմանելու:

 Նախարարն ընդգծեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք  Ներսես Պետրոս ԺԹ-ի տպավորիչ, ազգային և տեղի համար շատ բնորոշ ելույթները, ինչպես նաև Վատիկանում  ՀՀ դեսպան Միաքայել Մինասյանի արդյունավետ, ակտիվ և օգտակար գործունեությունը: Ձեռնարկներն անցկացվեցին ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Եվ երկրի նախագահի, Կաթողիկոսների և կաթոլիկ աշխարհի քահանայապետի ներկայությամբ ու մասնակցությամբ պատարագն ունեցավ պատմական, համաշխարհային նշանակություն ու հնչեղություն: Հայ ազգը և պետությունը  ևս մեկ քայլով համախմբվեցին և շարունակելու են պայքարը հայ դատը վերջնական նպատակին հասցնելու համար,- ասաց նախարարը:

 Տեղեկացնենք, որ մինչ Վատիկանում տեղի ունեցած պատարագը, նախարարը ներկա է գտնվել նաև Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը:

Scroll Up