Հրանուշ Հակոբյան. 100-րդ տարելիցի առթիվ սփյուռքի 50 համայնքներում 61հանձնախումբ է ստեղծվել (տեսանյութ)

Փետրվարի 25-ին կայացած ԱԺ-ի նիստում պատգամավոր Կարինե Աճեմյանը հարց է ուղղել ՀՀ կառավարությանը, որը վերաբերում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունված համահայկական հռչակագրին և այդ ուղղությամբ սփյուռքի հանձնախմբերի աշխատանքներին:

 Աճեմյանն ասել է, թե ի պատասխան իր գրավոր հարցմանը, ՀՀ Սփյուռքի նախարարը նշել է, որ սփյուռքի 50 համայնքներում ստեղծվել է 61 հանձնախումբ, և հետաքրքրվել է դրանց գործունեությունից:

 Պատասխանելով հարցին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին հանձնարարվել էր աջակցել հանձնախմբերի ստեղծմանը և այսօր ուրախությամբ կարող են փաստել 61 հանձնախմբի առկայությունը, որոնք էլ արդեն ներկայացրել են իրենց աշխատանքային ծրագրերը:

 «Միաժամանակ, նրանք ընդունել են պետական հանձնախմբի կողմից առաջարկված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը», – ասել է նա և հավելել, որ միջոցառումները կարելի է մի քանի մասի բաժանել՝ համապետական, համազգային և տարածաշրջանային:

 Համապետական միջոցառումներից նախարարը առանձնացրել է ՀՀ Նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը, որի ժամանակ էլ ընդունվել է «ազգային մեծ լիցք պարունակող, մեծ բարոյական խթան հանդիսացող հայտնի հռչակագիրը», ինչպես նաև այն միջոցառումները, որոնք պետք է անցկացվեն Հայաստանում: Դրանցից են Ցեղասպանությանը նվիրված «Ոչ Ցեղասպանություններին» միջազգային մեծ ֆորումը, Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը և այլն: Նրա տեղեկացմամբ՝ կանցկացվի միջազգային մի շարք գիտաժողովներ և մշակութային միջոցառումներ:

 Տարածաշրջանային միջոցառումները, ըստ տիկին Հակոբյանի, կարելի է բաժանել 6 մասի:

 «Կարևորը քարոզչական աշխատանքներն են»,-ասել է նա և երկու խոշոր կարևոր քայլերից մեկը համարել այն, որ Ֆրանսիայի և Ուրուգվայի Նախագահները մեր հանձնախմբերի պատվավոր նախագահներ են:

 Բացի այդ, նախարարը փաստել է, որ հանձնախմբերը հասել են այն բանին, որ Արգենտինայում, Ուրուգվայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում բացվելու են առանձին թանգարաններ կամ առանձին ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով:

 Նախարարի համոզմամբ միջազգային որևէ հայտնի լրատվամիջոց չի գտնվի, որ չանդրադառնա  Հայոց Ցեղասպանության թեմային:

«Չկա օր, որ որևէ գիտաժողով չկազմակերպվի»,- ասել է Տիկին Հակոբյանը՝ հավելելով, որ նույնիսկ Թուրքիայում են նման համաժողովներ կազմակերպվում:

Scroll Up