Այնտեղ, ուր Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային, ապրիլի 3-ին ֆլեշմոբ կանցկացվի
Ապրիլի 2-ին` հերոս-հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: Համբուրգում բացվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը: Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Գերմանիայի Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Նեմեսիս գործողության շրջանակներում գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:
Այս մասին հայտնում է Գերմանիայում գտնվող «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանը:
Ըստ նախաձեռնողների՝ եթե ոչ մի խանգարող հանգամանք չառաջանա, ապա ակցիան կիարականանա ապրիլի 3-ի կեսօրին:
Ֆլեշմոբ-ակցիային իրենց մանսակցությունը կբերեն նաև Գերմանիայում բնակվող և հանդես եկող հայ ըմբշամարտիկները:
«Տիգրան Մեծ» հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը իրեն հյուրընկալելու համար առանձնակի շնորհակալություն է հայտնում հայազգի ըմբշամարտիկ Խորեն Կասրյանին և նրա ընտանիքին: