Ցեղասպանություն 100-րդ տարելից. 40-օրյա «կինոմատյան»՝ Բեռլինի Գորկիի թատրոնում
Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում մարտի 7-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 40-օրյա միջոցառումների շարքը:
NEWS.am-ի փոխանցմամբ՝ Ֆրեդ Քելեմանի ղեկավարությամբ ցուցադրվող «Պաղատանք. Հիշողության Կինոմատյան» ֆիլմաշարը նպատակ ունի ոգեկոչելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այս կապակցությամբ մինչեւ ապրիլի 25-ը թատրոնում կցուցադրվեն հայկական ֆիլմեր, կբեմադրվեն ներկայացումներ, կներկայացվեն համապատասխան թեմատիկ ցուցահանդեսներ:
Բացման արարողությունը, որն անցավ լեփ-լեցուն դահլիճի ուղեկցությամբ, մեկնարկել է Հայերի ցեղասպանության մասին Հոլիվուդում նկարահանված առաջին՝ ռեժիսոր Օսկար Ափֆելի «Հոշոտված Հայաստան» (կամ՝ «Հոգիների աճուրդ») ֆիլմի 24 րոպեանոց հատվածի ցուցադրությամբ:
Այնուհետեւ բացվել է արգենտինահայ արվեստագետ Սիլվանա Տեր-Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը:
Ելույթի խոսք են ասել գերմանահունգարացի ռեժիսոր, հեղինակ Ֆրեդ Քելեմանը, Գորկի թատրոնի ղեկավար Շերմին Լանգհոֆը:
Բեռլինի ազատ համալսարանի պատմաբան, իսլամագետ Էլքե Հարթմանն իր խոսքում հակիրճ ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստեր:
Երեկոյան ունկնդիրների դատին է ներկայացվել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի բեմականացումը՝ ռեժիսոր Հանս Վերներ Կրյոսինգերի գլխավորությամբ:
Երաժիշտ Մարկ Սինասը պատմել է Կոմիտաս վարդապետի կյանքի ողբերգության մասին պատմող իր նոր նախագծի մասին:
Բացման արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ա. Սմբատյանը կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, Բունդեսթագի պատգամավորներ: