Գերմանաբնակ թուրք գործիչ. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Բեռլինի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայում ծնված գործիչ Հաքան Թաշը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանությունն արդեն իսկ մարդկության դեմ հանցանք է, և 1915-ին իրականացված տեղահանությունն այդ մարդկանց մահվան ուղարկել է նշանակում»,- Tert.am-ի փոխանցմամբ, ասել է Թաշը:

Նա նշել է, թե փաստաթղթերով պարզ երևում է, որ բռնի տեղահանվածները միայն հայկական նահանգներում ապրող հայերը չեն եղել: Օսմանյան մեծ քաղաքներում բնակվող հայերն էլ են այդ գաղթի մաս կազմել:

«Դա էլ ապացուցում է, որ հայերի դեմ համակարգված շարժում է տեղի ունեցել»,- ասել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի կառավարության՝ պատասխանատվությունից խուսափելուն ուղղված քայլերին՝ Թաշն ասել է. «Հանրապետության կառավարությունները, անկասկած, այս դեպքի մեջ հանցանք չեն ունեցել, սակայն պատմական պատասխանատվություն ունեն: Պատմության դասագրքերում Օսմանյան կայսրության լավ կողմերն են միշտ գովաբանվում, սակայն պատմության՝ միայն մեզ ձեռնտու դրվագները ներկայացնելը սխալ է»,-ասել է նա:

Նա իր հայտարարությունը եզրափակել է՝ նշելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին այն ընդունելը ճանապարհ կբացի երկու երկրների և երկու ժողովուրդների միջև նոր, բարեկամական սերնդի առջև:

Scroll Up