Հայ կինն ու մայրական ամենասուրբ պատգամը…
Հայ կինը դարեր ի վեր մեծ դերակատարություն է ունեցել հասարակական, քաղաքական կյանքում, ավելի ուշ նաև (19-րդ դարում), մեծ դերակատարություն է սկսել ունենալ` իբրև մշակութային գործիչ, գիտնական, գրող, պետական, հասարակական ու քաղաքական գործիչ:
Հայ կինը եղել է նաև ֆիդայական շարժման մասնակից` թև ու թիկունք լինելով տղամարդկանց:
Հայաստանի Առաջին Հանրապետության ընթացքում (1918-1920) հայ կինը դարձավ դիվանագետ. Ճապոնիայում Հայաստանի դեսպան նշանակվեց Դիանա Աբգարը: Համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ մինչ այդ կին դեսպանի միայն մեկ դեպք էր հայտնի` Ռոսիկա Շվիմեր, ով Հունգարիայի դեսպանն էր Շվեյցարիայում:
Հայերն Այսօր
Խորհրդային Հայաստանում կանայք հիմնականում դերակատարություն ունեցան հասարական ու տնտեսական կյանքում: Կանանց իրավահավասարությունը շեշտելու համար ԽՍՀՄ-ում մեծ շուքով սկսվեց նշվել Կանանց միջազգային օրը` Մարտ 8-ը: Այդ օրերին ԱԺ պատգամավոր, այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ կանանց նվիրված տոնական մեկ օրը վերածվեց մեկամսյակի:
Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է.
«Ես ուրախ եմ, որ մեր պետական տոնացույցի մի շարք կարևոր օրեր` իբրև պետական տոն ընդունելու գործում, ունեցել եմ իմ ակտիվ մասնակցությունը, սակայն ամենից ուրախ և հպարտ եմ, որ ունենք Ապրիլի 7: Այդ օրն առաջարկելով որպես Մայրության և գեղեցկության տոն` ես ցանկացա Մարտի 8-ը, իբրև կնոջ դերի, հասարակության մեջ նրա իրավունքների հաստատման օրվա խորհուրդ, լրացնել մայրության և գեղեցկության օրով: Չէ՞ որ մայրությունն ամենաաստվածային, ամենասուրբ կոչումն է, մայրն ամենաթանկ էակն է, մորից վեր ու վեհ ոչինչ չկա: Իզուր չէ, որ մեր բառապաշարում բոլոր բարձրագույն արժեք ներկայացնող նախադասությունները կազմվում են «մայր» որոշիչով` մայր Հայաստան, մայր հայրենիք, մայրենի լեզու, մայր հող…»:
Հրանուշ Հակոբյանի հայրենասիրական և մոր հանդեպ ունեցած պատկառանքի հիմքերից մեկը նրա բառերով պատմված հետևյալ դեպքն է.
«Թուրքիայում միջխորհրդարանական վեհաժողովի նիստերից հետո Կարսի իշխանությունների հետ երեքժամյա բանակցությունների արդյունքում հնարավորություն ունեցանք մտնել Անի, ավելի ճիշտ` Անիի ավերակներ: Շրջելիս հոգուս մեջ իրար էին խառնվել կարոտը, հպարտությունը,մորմոքը և ցավը: Ես լուռ հավաքեցի ավերակված ու խոնարհված եկեղեցիների քարերից մասունքներ ու հետս տուն տարա:
Մորս փոխանցելով Անիի մասունք-քարերը` հուզմունքով պատմում էի Անիի ասքը` ցավոտ ու պարտավորեցնող: Մայրս նայում էր իմ այլայլված դեմքին և երկյուղածությամբ շոյում Անիի քարոտ ողբերգությունը: Հաջորդ օրը, երբ աշխատանքից տուն եկա, մեր հյուրասենյակի պահարանի վրա թղթով հող էր դրված: Ի պատասխան իմ լուռ զարմանքի` մորս հայացքն ամեն ինչ ասաց: Մայրս կոշիկներիցս քերել էր թաց ցեխը, որը «հավաքվել» էր Անիի ավերակների արահետներում քայլելիս, չորացրել ու տեղադրել էր տան պատվավոր անկյունում:
Սա ամենասուրբ, ամենամայրական պատգամն էր ինձ: Ես կարկամել էի: Շնորհակալ եմ Աստծուն` ինձ նման քնքուշ, սիրասուն, ազգասեր մայր պարգևելու համար: Նա ամբողջ կյանքը նվիրել է երեխաների դաստիարակությանը, նրանց ապագան կերտելուն: Իմ ամենագլխավոր խորհրդատուն է մայրս: Երբ նախաձեռնեցի կյանքի կոչել «Մայրության և գեղեցկության օր» տոնը, հոգուս խորքում մայրս էր. ցանկանում էի նախևառաջ երախտիքս հայտնել իմ քնքուշ, սիրասուն, որդիասեր և հայրենասեր մայրիկին եւ Հայասատանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայ մայրերին, քոյրերին , գեղանի աղջիկներին…»:
Ա. Ահարոնյանի այս խոսքերը լավագույն բնորոշումներից մեկն են նման հայ կանանց.
«Աշխարհը չգիտե, թե ի՜նչ երկաթե կամք, ի՜նչ անընկճելի կորով, ի՜նչ անձնուրաց արիություն և որչա՛փ առաքինություն կա այդ թխադե՜մ, այդ հեզ ու բարի աչքերով ամոթխած ու արդար էակի մեջ, որ կոչվում է հայ կին, հայ մայր»:
Ահարոնյանի այս խոսքերով շնորհավորում ենք հայ կանանց, հայ մայրերի տոնը և մաղթում, որ մայրական ամենասուրբ պատգամը խթան հանդիսանա բոլոր մայրերին և նրանք ևս նույն սկզբունքով դաստիարակեն իրենց զավակներին…