«Գնա´ Երևան և մի´ վախեցիր թուրքական կառավարությունից». Կուսակցության նախագահի կոչը Նիդերլանդների վարչապետին

Մարտի 2-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցի այցելեց Նիդերլանդների «Ազատության համար»  (PVV)  կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, այս մասին «Հայերն այսօրին» Ալմելոյից տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:

Կուսակցությունը ունի իր ներկայացուցիչներն ինչպես Նիդերլանդների պառլամենտի վերին և ստորին պալատներում,այնպես էլ Եվրոպառլամենտում:

Գերտ Վիլդերսը ծաղկեպսակ դրեց Ալմելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում,այնուհետև ելույթ ունեցավ Եկեղեցու սրահում, որտեղ հավաքվել էին հարյուրավոր հայրենակիցներ:

Իր ելույթում կուսակցության նախագահը նշեց, որ չնայած առաջին անգամ է հյուրընկալվում համայնքում, բայց իրեն զգում է ինչպես մի հարազատ վայրում: Վիլդերսը Հայոց Ցեղասպանությունն անվանեց համաշխարհային պատմության սև էջերից մեկը և նշեց, որ մարդկությունը պետք է միշտ հիշի և հարգի անմեղ զոհերի հիշատակը:

Նա նաև նշեց, որ այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ առիթով ոչ միայն Նիդերլանդների, այլ նաև ամբողջ աշխարհի մարդկությունը ապրիլի 24-ին պետք է ոտքի կանգնի և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Վիլդերսը կոչ արեց վարչապետ Մարկ Ռուտտին «ցուցաբերելու առավելագույն հարգանք» և ապրիլի 24-ին թագավորի հետ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան գնալ.

«Գնա´ այնտեղ և մի վախեցիր թուրքական կառավարությունից»,-այսպիսի կոչով նա դիմեց Նիդերլանդների վարչապետին:

ալմելո Ալմելո1 Ալմելո3 Ալմելո4 Ալմելո5 Ալմելո6 Ալմելո7

Scroll Up