Անմոռուկ` ի պատիվ Ամերիկայի ճապոնական և հայկական համայնքների պատմության

Armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ գրող Դեվիթ Մաս Մասումոտոն The Fresno Bee պարբերականում տպագրված իր հոդվածում գրում է.

«Անմոռուկը փոքր, նուրբ, հնգաթերթ ծաղիկ է: Լեգենդի համաձայն՝ Աստված բաշխում էր ծաղիկներին գույներ, երբ փոքրիկ մի ծաղիկ շշնջաց՝ «Մի՛ մոռացիր ինձ»: Եվ նրա նուրբ թերթիկները գունավորվեցին երկնագույն երանգով: Այժմ անմոռուկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է:

Ապրելով Ֆրեզնոյում՝ ճապոնա-ամերիկյան ոչ մեծ գյուղատնտեսական համայնքում՝ շատ հայ ընկերներ եմ ունեցել: Այն ժամանակ ես չգիտեի, որ մեզանից յորաքանչյուրն ունի գաղտնիքներ և վերքեր, որոնց մասին մեր ընտանիքները գրեթե չեն խոսում: Ամեն ընտանիք գաղտնի էր պահում իր պատմության բեռը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայում ապրող ճապոնացիներին ձերբակալում էին և ուղարկում ճամբարներ: Ընտանիքս տարիներ շարունակ ապրում էր փշոտ մետաղալարերի հետևում:

1915 թվականին հայերը փախչում էին իրենց հայրենիքում տիրող ահաբեկություններից, հարյուր հազարավոր մարդկանց սպանել կամ տեղահան էին արել: Շատ ընտանիքներ ամեն ինչ նորից սկսելու նպատակով ուղևորվել են Կալիֆորնիայի կենտրոնական շրջաններում ապրելու:

Ես մեծացել եմ վերքեր կրող համայնքներում: Ամերիկայի ճապոնացիներն ու հայերը երբեք չեն փախչի անցյալի սպիերից: Տարիներ շարունակ մենք գաղտնի ենք պահել մեր պատմության բեռը:

Սա երբևէ չջնջվող հիշողության պատմություն է: Փետրվարի 19-ը՝ Ամերիկայում ապրող բանտարկված ճապոնացիների, իսկ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր էին հռչակվել: Եվ այս տարի՝ 2015 թվականին, լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

1980-ական թվականներին ընտանիքս ներողությամբ պաշտոնական նամակ ստացավ ԱՄՆ Կառավարությունից և նախագահ Ջորջ Բուշից: Իսկ հայերը դեռ սպասում են Ցեղասպանության ընդունմանը:

«Հիշում եմ և պահանջում»՝ ահա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսը: 1915-ի ապրիլի 24-ին հարյուրավոր հայերի ձերբակալությամբ և սպանությամբ էր սկսվել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Պատմաբանները հավաստում են, որ այդ գործողությունների ընթացքում թուրքերը ոչնչացրել են 1.5 միլիոն հայի:

Ցեղասպանությունը մարդկանց զանգվածային սպանություններն են ըստ իրենց ազգային կամ կրոնական պատկանելության: 1900-ականների սկզբին Օսմանյան կայսրությունում իշխանության էին եկել երիտթուրքերը: Վերջիններս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցում էին Գերմանիային, իսկ Ռուսաստանի սատարող հայերին՝ թշնամի համարում: Զանգվածային կոտորածները և մահապատիժները չէին դադարում գրեթե մեկ տասնամյակ: Եվ այս ամենից հետո թուրքական կառավարությունը չի ընդունում պատմությունը՝ պատճառաբանելով, որ դրանք կանխամտածված գործողություններ չէին: Միջազգային և ռազմական քաղաքականության պատճառով մեր կառավարության անդամների մեծ մասը հրաժարվում է Ցեղասպանությունն ընդունելուց:

Տասնամյակներ շարունակ ընտանիքս ամաչում էր Ամերիկայի ճապոնացիների ձերբակալությունների գաղտնիքից: Միայն հանրային ճանաչումն էր ազատել նրանց այդ բեռից:

Նույն կերպ պետք է ընդունվի նաև Հայոց ցեղասպանությունը: Քչերն են մնացել, որ ուղիղ կապ ունեն այս ոճրագործության հետ: Բայց նրանց պատմությունները թույլ են տալիս վերապրել և հիշել այդ ամենը:

Վերապատմելով անցյալի այս պատմությունը՝ մենք կարող ենք վերականգնել հիշողությունը: Ամերիկայի ճապոնացիները և հայերը ողբերգության սերունդներն են: Մենք կրում ենք հիշելու պատասխանատվությունը: Այս պատմությունների շնորհիվ միայն մենք կդառնանք անցյալի կենդանի հուշարձաններ, անցյալի, որն արմատապես փոխեց մեր համայնքները:

Պետք է ընդունել պատմությունը, որպեսզի այն երբևէ չկրկնվի: Մենք հարգում ենք մեր նախնիներին՝ վերապատմելով նրանց պայքարի պատմությունները: Հաստատելով մեր ընտանիքների պատմությունները՝ լույս ենք սփռում պատմության այդ շրջանի վրա: Մենք կարող ենք պահանջել, որ ոչինչ չմոռացվի:

Այս ամիս ես կաճեցնեմ անմոռուկ ծաղիկներ՝ ի պատիվ տարհանման և ձերբակալությունների ենթարկված Ամերիկայի ճապոնացիների: Գարնանը դրանք կծաղկեն և կհիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին:

Մեր երկու համայնքները կլցվեն հազարավոր փոքրիկ ծաղիկներով, որոնք, միավորվելով մեկ ընդհանուր ճիչով, կշշնջան «Մի՛ մոռացիր ինձ»:

Scroll Up