Օլանդի հովանու ներքո Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողով կանցկացվի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո մարտի 25-28-ը Փարիզում կանցկացվի «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Մեծ պատերազմի տարիներին 1915-2015. հետազոտությունների 100 տարի» անունը կրող գիտաժողովը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը հետազոտող միջազգային գիտական խորհրդի կողմից, հաղորդում է News.am-ը՝ Nouvelles d’Arménie-ին հղումով:

Նախատեսվում է, որ գիտաժողովի առաջին օրը՝ մարտի 25-ին, Սորբոնի համալսարանի մեծ ամֆիթատրոնում ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահը:

Ելույթով հանդես կգան նաև Փարիզի ակադեմիայի ռեկտոր Ֆրանսուա Վեյլը և Ֆրանսիայի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի ղեկավար Պյեր-Սիրիլ Օկյորը:

Ներածական դասընթաց կընթերցի Հայոց ցեղասպանության հետազոտման հարցերով միջազգային գիտական խորհրդի նախագահ Իվ Տերնոնը:

Զեկուցումներով հանդես են գալու մի շարք հայտնի պատմագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ:

Scroll Up