Կայացել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների համառուսաստանյան հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 19–ին ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների համակարգման համառուսաստանյան հանձնաժողովի նիստը: Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: Դեսպանի խոսքին հաջորդեց հանձնաժողովի գործադիր քարտուղար Յուրի Նավոյանի ելույթը, ով ներկայացրեց 2014թ. ընթացքում իրականացված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի ռուսաստանյան միջոցառումների ծրագիրը:
Նիստը ի գիտություն է ընդունել իրականացված աշխատանքների մասին զեկուցումը: Այնուհետև նիստում գործադիր քարտուղարի ներկայացմամբ քննարկել և հաստատել է Ցեղասպանության 100–րդ տարելիցի ռուսաստանյան հիմնական միջոցառումների ծրագիրը, որը իրագործվելու է հաջորդ տարվա հունվար-մայիսին:
Քննարկման արդյունքում նիստը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համահայկական հռչակագրի նախագծին, որը նախատեսվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հինգերորդ նիստում, հունվարին` Երևանում: