Պահանջատիրական արշավ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Այսօր փետրվարի 16-ին «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական արշավ Ախալքալաքից դեպի Վաչիան գյուղի բարձունքներից մեկի վրա գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով կառուցված մատուռը, այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայք-էջից:

Արշավը մեկնարկեց Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցուց, որտեղ երիտասարդական միության անդամները Տեր Տաթեւ Մարուքյանի հետ աղոթեցին Ցեղասպանության զոհերի ոգիների հանգստյան համար, ապա Տեր Տաթեւի հետ միասին ուղեւորվեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքային խորհուրդի շենք, որտեղ սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահ Համլեթ Մովսիսյանին, գամգեբելի (շրջանի ղեկավար) Էդուարդ Աղասարյանին եւ Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանին փոխանցեցին հետեւյալ բովանդակությամբ դիմում նամակները.

Մենք` Սամցխե–Ջավախք եւ Քվեմո Քարթլի տարածաշրջաններում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս մեր եւ մեր կազմակերպությունների անդամների անունից խնդրում եւ պահանջում ենք, որ Ձեր հնարավորությունների սահմաններում հետամուտ լինեք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարչությունը եւ Ժողովը որոշեն .

1. Ապրիլի 24-ը ընդունել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ ոգեկոչման օր:

2. Ապրիլի 24-ը սահմանել ոչ աշխատանքային օր:

3. Թույլ տրվի առաջիկայում կազմակերպել եւ անցկացնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման եւ ոգեկոչման նպատակով միջոցառումներ եւ երթեր:

4. Հայոց Ցեղասպանության եւ հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով՝ պահանջները ներկայացնել նաեւ Վրաստանի խորհրդարան:

Նամակները փոխանցելուց հետո երիտասարդները իրենց արշավը շարունակեցին Ախալքալաքից ուղեւորվելով Վաչյան գյուղի բարձրունքներից մեկի վրա գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորչի մատուռը:

Մատուռի մոտ երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր եւ խոսեցին 100-րդ տարելիցի շրջանակներում իրենց անելիքների շուրջ:

Scroll Up