Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը քննարկվել է Իսպանիայի պետական հեռուստատեսությամբ

Իսպանիայի հեռուստատեսության 2-րդ ալիքի (La 2) «Երկրորդը՝ բոլորի համար» («Para todos La 2») ամենօրյա հաղորդաշարի հերթական հաղորդումը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Հաղորդման հյուրերն էին Արարատ Հայկական Միության նախագահ Արարատ Ղուկասյանը և վերջերս լույս տեսած «Արարատի հիշողությունը» («La memoria del Ararat») գրքի հեղինակ, գրող, լրագրող, «Էլ պերիոդիկո» («El periódico») օրաթերթի թղթակից Խավիեր Մորետը (Xavier Moret):
Հաղորդման թեման Հայոց ցեղասպանությունն էր, մարդկության դեմ այդ հանցանքի ծագման պատճառները, ընթացքը, հետևանքները, ներկայիս ճանաչումն ու Թուրքիայի մերժողական պետական քաղաքականությունը և հայության պահանջը: Եթերում սկզբնապես հեռարձակվեց փաստավավերագրական և ծանուցողական ֆիլմ Ցեղասպանության մասին, որտեղ մեկնաբան Էռնեստ Բասկոմպտե Սամսոն (Ernest Baskompte Samso) ներկայացրեց Ցեղասպանության փաստը, Թուրքիայի ներկայիս ժխտողական պետական մեքենան և այն երկրները, որոնք պետականորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Այնուհետև տեղի ունեցավ հարցազրույցը, որը վարում էր հաղորդավարուհի Մարտա Կասերեսը: Վերջինիս առաջին հարցը հետևյալն էր. «Արդյոք 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն իր հետևանքն ունեցե՞լ է ներկայիս հայերի վրա»: Հարցին պատասխանեց Արարատ Ղուկասյանը՝ ասելով, որ ներկայումս Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող 10 միլիոն հայերն անխտիր իրենց վրա կրում են Ցեղասպանության հետքը, որը դեռ չսպիացած վերք է այնքան ժամանակ, քանի դեռ իր արժանի պատասխանը չի ստացել և քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաղորդավարուհու հարցին, թե մի՞թե ժամանակը չի կարող դեր խաղալ, Ղուկասյանը պատասխանեց. «Թեկուզ ևս 100 տարի անցնի, այն մոռանալը մեղք է ո´չ միայն հայերիս, այլև ողջ միջազգային հանրության համար»:
Ղուկասյանի խոսքը հաստատեց գրող Խավիեր Մորետը, ով նշեց, որ 2013 թվականի ապրիլի 24-ին եղել է Ծիծեռնակաբերդում և հավելեց. «Հասկանալու համար, թե դա ի՛նչ է, պետք է անպայման լինել այնտեղ»: «Հայաստանը չքնաղ մի երկիր է,- շարունակեց իր խոսքը Մորետը,- հայ ժողովուրդը չքնաղ մի ժողովուրդ, որի հյուրընկալությունը, սերը, վիշտը և ամենը հասկանալու համար, պետք է անպայման այցեցել Հայաստան: Ես սիրահարված եմ Հայաստանին»:
Բաց քննարկման ժամանակ Մարտա Կասերեսը նշեց, որ հրավիրել են նաև Թուրքիայի դեսպանին և դեսպանատնից ներկայացուցիչների, ովքեր նույնիսկ չեն պատասխանել հրավերքին: Իսկ Ղուկասյանը հավելեց` պարզ և հասկանալի է, թե ինչո՛ւ:
Գրող Խավիեր Մորետը նշեց, որ շատ կարևոր է, որ այնպիսի երկրեր, ինչպիսիք են Իսպանիան և Իսրայելը, պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նման հանցանքներ, որոնց դժբախտաբար ականատես ենք լինում նաև հիմա աշխարհի տարբեր վայրերում, այլևս չկրկնվեն:
Հաղորդման վերջում Արարատ Ղուկասյանը մեջ բերեց Վիլյամ Սարոյանի հանրահայտ խոսքերը` երբ երկու հայ հանդիպեն աշխարհի ցանկացած վայրում, կստեղծեն մի նոր Հայաստան:
Հարցազրույցից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ և շարունակական համագործակցության մասին: Իսկ Խավիեր Մորետի նոր հրատարակված գրքի շնորհանդեսը տեղի կունենա Վալենսիայի «Պատագոնիա» գրախանութում, որը կներկայացնի Արարատ Ղուկասյանը
Արարատ Հայկական Միություն
Վալենսիա (Իսպանիա)