Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո Ջավախքում
2014 թվականի նոյեմբերի 26-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվեց հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից:
Երեկոն կազմակերպվել էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի նախաձեռնությամբ` Ախալքալաքի կիրակնօրյա դպրոցի, եկեղեցական երգչախմբի, Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ:
Երեկոյին ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ…
Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:
Ջավախքի փոխառաջնորդն իր ելույթում նշեց. ««Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների հիշողության, և ապագա սերնդի առջև: Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք: Հզոր միտք, անկոտրում պայքար, և հետևողական լինենք մեր գործողություններում: Այսօր, այստեղ հավաքվել ենք, ոչ թե սգալու, այլ կրկին վերահաստատելու մեր ԳՈՅՈՒԹՈՒՆՆ աշխարհում: Յուրանչյուրս մեր բաժին պայքարն ունենք, պայքար որ մի օր անպայման հաղթանակ է ծնելու»:
Ինչպես նաև ելույթով հանդես եկավ Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:
Այնուհետև հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին երաժշտական կատարումներով: Երեխաներն իրենց զգացմունքայնությամբ հուզեցին ներկաներին՝ կորզելով ուրախության արցունքներ:
Հուշ-երեկոն ամփոփեց 8-ամյա Դավիթ Հարությունյանը Գևորգ Էմինի «Պարեց հայն ու ողջ աշխարհը զարմացավ» բանաստեղծությամբ: Եվս մեկ անգամ վերահաստատելով, որ ապրում է հայը, պարում է հայն ու կրկին ուրախ երգում…