Սարգիս Շահինյան. «Ցանկանում եմ ավելի զգույշ լինել, իսկ հոռետես լինելու իրավունք չունեմ»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Շահինյան.jpg)
Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործը»: Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամիսների ընթացքում:
Այս հարցի շուրջ «Հայերն այսօրը» զրուցել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանի հետ, ով նույնպես ներկա է եղել գործի քննությանը:
Իսկ «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունն այն ութ ոչ պետական կազմակերպություններից մեկն է, որը իր գրավոր տեսակետն է ներկայացրել ՄԻԵԴ-ին:
– Պարո´ն Շահինյան, կցանկանայի, որ կիսվեիք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումից ստացած Ձեր տպավորություններով:
– Հունվարի 28-ի լսումը հնարավորություն տվեց բացատրելու, որ հայերի, հրեաների և այլ ժողովուրդների դեմ կատարված ցեղասպանությունների ժխտողականության միջև խտրականություն դնելը` դեմ է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքին: Նաև աշխարհի ուշադրությանը ներկայացվեց Մեծ եղեռնի իրողությունը, ինչն այդքան փութաջանորեն Թուրքիան փորձում էր կանխել:
Լսումը նաև բացահայտեց Փերինչեքի և Թուրքիայի նոր ռազմավարությունը` ոչ թե ժխտել Կոտորածը, այլ մերժել միայն «ցեղասպանություն» բառի իրավական սահմանումը` այն քաղաքական և պատմական բանավեճի դաշտի վերածելով, որը խելացի և ընթացքային բնույթ կրեց մինչև Փերինչեքի վերջին արտահայտությունները, որոնք բացահայտեցին նրա և Թուրքիայի հագած դիմակը և ցույց տվեցին հայատյացության ընթացքը: Խոսքը Թալեաթի պաշտանմունքին վերաբերող խոսքերի մասին է:
Շվեյցարական կողմը խելացի գտնվեց` հակազդելով այս ընթացքին: Վերջինիս մոտեցումը միշտ հիմնված էր փաստերի (օրինակ` հուլիսի 23-ի գիշերը Փերինչիքի հարցաքննությունը շվեյցարական Վինտերտուր քաղաքի դատախազի կողմից) և իր երկրի որդեգրած իրավական որոշումների վրա:
Շվեյցարիան պաշտպանեց իր երկրի իրավունքը, օրենքներն իր տարածքում կիրառելու որոշումը և փաստեց, թե այդ ամենը հաշվի առնելով այլ բան չէր մնում, քան Փերինչեքի ասածները որակել իրբրև ցեղատիացական բնույթ կրող միտում: Սակայն հարձակողական չեղավ: Նույնիսկ այն տպավորությունը կարելի էր ստանալ, որ Շվեյցարիան շատ ցածր պրոֆիլով էր ցանկանում իրեն ներկայացնել, որոշ դրվագներում անգամ համոզիչ չէր: Օրինակ` հենց նա հիշեցրեց դատարանին, որ առաջին անգամը չէ, որ Շվեյցարիան մտքի ազատ արտահայտության ոլորտում դատվում է:
Մթնոլորտը լարված էր ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Եվրոպայի հյուսիսային երկրներից, հատկապես` Բելգիայից, Հոլանդիայից և Գերմանիայից մոտ 600 մարդ էր եկել, որոնք հրահրված էին ժխտողական ուժերից: Եկել էին նաև Ֆրանսիայից և Շվեյցարիայից: Նրանց մոտ թուրքական դրոշներից բացի կային շատ ադրբեջանական, նաև ույգուրական, նույնիսկ պակիստանական դրոշներ:
Դատարանի բակում էին հավաքվել նաև Էլզասի հայկական համայնքից 50-60 խիզախ ու վճռական երիտասարդներ:
Դատարանում ներկա էին 40-50 թղթակիցներ, միայն 15-ից ավելին` Շվեյցարիայից: Ավելի շատ հեռուստաընկերություններ էին ներգրավված, այդ թվում` 5 հայաստանյան: Հայաստանյան տպագիր մամուլը ներկայացված էր միայն «Ազգ» շաբաթաթերթի թղթակցուհու միջոցով, որը, սակայն, Գերմանիայում է ապրում: Ուզում եմ նշել նաև, որ համահայկական թերթերից ոչ մի ներկայացուցիչ չկար: Ներկա էր միայն «Les Nouvelles d’Arménie» ամսաթերթի տնօրենը, ով միևնույն ժամանակ Ֆրանսիայի համայնքի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահն է:
Թուրքական կողմը պետական ամենաբարձր մակարդակով էր ներկայացել: Ստրասբուրգ էին ժամանել մեծ թվով պատգամավորներ, նախկին նախարարներ, Սահմանադրական խորհրդի պատվիրակությունը, գործարարներ:
Իմիջիայլոց, բոլորս իջևանել էինք միևնույն հյուրանոցում: Նստում, նախաճաշում էինք միասին, որի ընթացքում կարելի էր լսել հայերեն և թուրքերեն խոսք: Շատ անգամ է ցանկություն առաջացել մոտենալ ու խոսել, փորձել հասկանալ, թե այս ամենը մի օր կարո՞ղ է վերջ ունենալ: Սակայն հասկացա, որ դժվար է: Նրանց մեջ բավականին պատրաստված երիտասարդներ կային, որոնք իրենց երկրի պետական քաղաքականության պատճառով կուրացած էին և շատ վճռական:
– Հայաստանը ներկայացնող պատվիրակների ելույթները ինչպե՞ս ընդունվեցին:
– Հայկական կողմի (մինչև հոկտեմբերի 16-ը Մեծ պալատին ուղղված), ինչպես նաև Շվեյցարիայի դիրքորոշումը սատարող գրավոր մասնակցությունները շատ բարձր իրավական որակ ունեին:
Հունվարի 28-ին Հայաստանի կողմից ընտրված երկու միջազգային պաշտպանների ելույթները շատ հզոր ձևով բուն պատմական իրողությունը և Փերինչեքի իրական դեմքը ներկայացնելու նպատակ ունեցան: Ջեֆրի Ռոբերթսոնի ելույթը հռետորական շատ բարձր մակարդակ ուներ: Ամալ Քլունիի ելույթն իր մեջ շատ հստակ բովանդակություն էր պարունակում: Սակայն իրավական դաշտը լուսաբանող ներդրումը (այսինքն ժխտողականությանը հակազդող փաստեր) այլ սրության կարիք ունեին, ինչը Շվեյցարիայի կողմից միայն մասամբ կարելի եղավ ծածկել:
– Արդյոք ճիշ՞տ էր այն մարտավարությունը, որը ընտրել էին հայկական կողմի պատվիրակները:
– Իրավական գետնի վրա` այո: Բայց ոչ մամուլի հետ կապված վերաբերմունքը: Երբ պատերազմ ես գնում և զինանոցում ընդգրկում ես այդ տեսակ տրամաչափի զենքներ (Ռոբերթսոն-Քլունի), որոնք ունեն համաշխարհային համբավ ու թռիչք, իսկ լսումը կատարվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի «մարտադաշտում», հարկավոր էր, որ այդ զենքերը լրիվ ու ճիշտ գործածվեին` մեր հակառակորդին դժվար կացության մեջ դնելու իմաստով (խոսքը մամուլի լուսաբանությանն է վերաբերում):
Ներկա 40-50 թղթակիցների բացարձակ մեծամասնությունը «շարժվեցին», քանի որ ներկա էր Ամալ Քլունին: Խնդրեմ, աշխարհի մամուլը մեր առաջ «ծնկի» էր եկել: Ինչո՞ւ հայկական կողմը լսումից անմիջապես հետո ասուլիս չհրավիրեց: Սա մեր կարևորագույն մարտերից մեկն էր և այս առիթը կորցնելու իրավունք չունեինք: Այս մասին խոսեցի նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
– Դատավարությունը լայնորոն լուսաբանվեց միջազգային մամուլում: Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այն եվրոպական հասարակության վրա:
– Շատ մեծ, որովհետև Հայոց ցեղասպանության հոլովույթը մեկ անգամ ևս դարձավ համաշխարհային, անվճռելի իրողություն: Ստացավ արձագանք, ճանաչողություն, սակայն կարող էր ունենալ շատ ավելի մեծ համաշխարհային հնչեղություն, վերը նշված առիթներն օգտագործելու պարագայում:
– Շվեյցարիայում ինչպիսի՞ արձագանք ունեցավ:
– «NZZ»-ի և «Le Temps»-ի թղթակիցները որոշեցին պաշտպանել մտքի արտահայտության բացարձակ ազատության սկզբունքը, բավականին մակերեսային ձևով մոտենալով ստույգ իրողությանը (Փերինչեքին): «Tages Anzeiger»-ը, «Basler Zeitung»-ը, «Corriere del Ticino-ն», «24-Heures»-ը, «La Liberté»-ը և «La Tribune de Genève»-ն առավել հակաժխտողական դիրք որոշեցին որդեգրել: Նույնը տեսանկյունից լուսաբանեցին նաև ռադիոն և հեռուստատեսությունը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել` հարաբերակցությունը 40-60 է:
– Ինչպիսի՞ վճիռ կարելի է ակնկալել:
– Լսումը թույլ էր: Գրավոր մասնակցությունները (որոնք հանձնվում են 17 դատավորներին նրանց նշանակության ժամանակ)` ուժեղ: Կարող եմ ասել, որ հնարավորությունները` հիսուն-հիսուն են: Մեզ համար առավել նպաստավոր է Շվեյցարիայի պաշտպանների որակումը:
Ցանկանում եմ ավելի զգույշ լինել, իսկ հոռետես լինելու իրավունք չունեմ:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը