Տակահիրո Ակիբա. «Հայկական երաժշտությունը կոմիտասյան գույն ունի…»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/Տակահիրո-Ակիբա3.jpg)
Երաժշտությունը ազգություն չի ճանաչում, բայց կարող է ճանաչելի դարձնել ազգին: Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան Հայաստանը ու հային ճանաչել է երաժշտության միջոցով:
Մայիսին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության տանը կայացավ Տակահիրո Ակիբայի մենահամերգը, որը կրում էր «Կոմիտասի երկրում» խորագիրը: Ի դեպ, ճապոնացի դաշնակահարը Կոմիտասյան մրցույթի առաջին մրցանակակիր է:
Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկավ նաև ճանաչված ու սիրված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը, ում և Տակահիրո Ակիբան պարտական է Կոմիտասին բացահայտելու համար:
– Տակահիրո´, ինչպե՞ս եք ծանոթացել Արաքս Մանսուրյանի հետ:
– Արաքս Մանսուրյանի հետ ծանոթացել եմ երաժշտության, կոմիտասյան երաժշտության միջոցով:
Համացանցում գտել էի նրա կոմիտասյան կատարումներն ու… սիրահարվել: Ինձ գերել էր ո´չ միայն Կոմիտասի երաժշտությունը, այլ թե ինչպես էր այն մեկնաբանում Արաքս Մանսուրյանը:
Ամեն կերպ ցանկանում էի ծանոթանալ նրա հետ: Համացանցով նամակ գրեցի, բայց հույս չունեի, որ նրա պես ճանաչված անձնավորությունը կպատասխանի ինձ: Բայց… նա պատասխանեց: Ու այդպես մենք սկսեցինք շփվել: Մեր ծանոթության առաջին իսկ օրից շատ էի ցանկանում, որ Արաքս Մանսուրյանը ելույթ ունենա Ճապոնիայում, որ նրա կենդանի կատարումները ունկնդրեն նաև ճապոնացի երաժշտասերները: 2014 թվականին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հետ գեղեցիկ համերգ կազմակերպեցինք: Շատ գեղեցիկ երեկո էր:
Համերգից հետո էլ ավելի ամրապնդվեց մեր ծանոթությունը:
– Արաքս Մանսուրյանի շնորհիվ Դուք հնարավորություն ունեցաք ելույթ ունենալ Հայաստանում:
– Այո, «Կոմիտասի երկրում» խորագիրը կրող համերգի ժամանակ հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները: Անչափ հուզված էի, նաև հպարտ, որ հնարավորություն ունեցա Արաքս Մանսուրյանի հետ լինել մեկ բեմում: Իսկ դահլիճում այնպիսի մարդիկ էին հավաքվել, որոնց ներկայությունը ո´չ միայն անչափ հաճելի էր, այլև պարտավորեցնող: Այնքան հուզված էի, որ մոռացել էի նոտաներս: Հուսով եմ, որ հայ հանդիսատեսը գնահատեց իմ կատարումները:
– Դահլիճում էր նաև ճանաչված ու սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Տեղյակ եմ, որ Դուք շատ եք ցանկացել ծանոթանալ նրա հետ:
– Արաքս Մանսուրյանն ինձ շատ էր պատմել նրա մասին, ծանոթ էի նաև նրա երաժշտությանը: Իսկ Տիգրան Մանսուրյանի առջև ելույթ ունենալը զարմանալի, անսպասել էր ինձ համար:
Երբ մեր ծանոթության ժամանակ նրան հարցրի, թե ով է իր սիրելի կոմպոզիտորը, պատասխանեց. «Կոմիտասը, նա իմ «հայրն» է և անմիջական կապ ունի իմ երաժշտության հետ»:
Հպարտ էի, որ դահլիճում է Տիգրան Մանսուրյանը, բայց նաև վախենում էի, հասկանում էի, որ եթե իմ մեկ նոտան անգամ Կոմիտաս չպարունակի, նա կհասկանա: Ես հայ չեմ, հայերեն չգիտեմ, բայց երբ նվագում էի, համոզված էի, որ ճիշտ եմ հասկանում մեղեդին:
Երբ համերգից հետո հանդիպեցինք, Տիգրան Մանսուրյանն ասաց, որ հոգու ողջ խորությամբ զգացել է իմ նվագը ու ավելացրեց, որ շատ ուրախացած ու զարմացած է իմ կատարումով: Իսկ ամենամեծ գնահատականն այն էր, երբ ասաց, որ նվագում էի այնպես, ինչպես հայը կնվագեր… Այսպիսի խոսքեր լսել մի մարդուց, ում երաժշտությունը աշխարհն է նվաճել, մեծ հպարտություն է ինձ համար:
– Ինչպե՞ս եք ծանոթացել հայկական երաժշությանը:
– Ես Մոսկվայում եմ սովորել, որտեղ և հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու հայկական երաժշտությանը և հայ կոմպոզիտորներին: Առաջին հայ կոմպոզիտորը, որն ինձ տպավորեց իր մեղեդիներով, Առնո Բաբաջանյանն էր: Այնուհետև ծանոթացա այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին՝ Խաչատրյան, Հարությունյան, Կոմիտաս…
Կարող է զարմանալի հնչել, բայց ինձ առաջին իսկ պահից այնքան ծանոթ, հոգեհարազատ թվացին հայկական նոտաները, հայկական մեղեդիները:
Հայկական երաժշտության իմացությունս ավելի խորացավ նաև իմ ուսուցչուհու՝ Անահիտ Ներսիսյանի շնորհիվ: Մարդ, ով շատ կարևոր դեր կատարեց իմ կյանքում և ով ինձ համար բացեց երաժշտության, հայկական երաժշտության շատ գաղտնիքներ: Ինձ անչափ երջանիկ մարդ եմ համարում, որ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու նրա հետ. նա երաշտության իմ մայրն է:
– Ինչպիսի՞ գույն ունի հայկական երաժշտությունը:
– Կոմիտասյան: Հայկական երաժշտությունը, և, առհասարակ, հայերին, ես կբնութագրեի Կոմիտասի երաժշտության միջոցով: Կոմիտասի երաժշտությունն իր մեջ խտացնում է ո´չ միայն հայկական երաժշտությունը, այլև հային: Նրա երաժշտության միջոցով դու կարող ես ճանաչել ուրախ, տխուր, գեղեցիկ, ուժեղ հային:
Հայերը տարբեր զգացումներ, էմոցիաներ ունեն. ուրախ են, տխուր, բռնկուն: Կոմիտասի երաժշտության մեջ առկա է այդ ամենը, հային բնորոշ բոլոր «գույները» կան նրա երաժշության մեջ: Ունկնդրելով, ծանոթանալով՝ դու կարող ես «տեսնել» ո´չ միայն հայի ցավը, տառապանքը, այլև կարոտը, պատմությունը: Կոմիտասյան նոտաների արանքում հավատի, հույսի, կարոտի ու թախիծի գույներ են թաքնված:
Կոմիտասի միջոցով կարող ես ճանաչել հային: Իսկ ճանաչելուց հետո հնարավոր չէ չսիրահարվել:
– Փաստորեն, Դուք ծանոթ եք ո´չ միայն Կոմիտասի երաժշությանը, այլև Կոմիտասի երկրին…
– Այո, Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, ես ինձ այստեղ զգում եմ կարծես տանը: Այստեղ ամենուր երաժշտություն է, ամեն ինչ շատ հոգեհարազատ է ինձ: Հնարավոր է՝ մի օր այստեղ ապրեմ, ո՞վ գիտի:
Մեզ միացրել է երաժշտությունը. այդ կապը հավերժ է:
– Ձեզ ծանոթ է նաև Կոմիտասի «ցավը», Դուք եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
– Գիտեք, որքան էլ ժամանակ անցնի, դժվար է խոսել այն ապրումների մասին, որոնք ունենում ես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելիս: Քո էմոցիաները, զգացողություններն ու տպավորություններն այնքան շատ են, որ բառերով պարզապես հնարավոր չէ արտահայտել:
Այո, ես հա´յ չեմ, ես ճապոնացի´ եմ, բայց սա նաև իմ ցավն է: Այն մարդիկ, որոնք 100 տարի առաջ զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը, նաև իմ հարազատներն են:
Այդ ոճիրը հնարավոր չէ ներել, ինչպես կարելի է ներել անմեղ մարդկանց կոտորածը: Ես քաղաքական գործիչ չեմ, խոսում եմ որպես մի մարդ, ով անտարբեր չէ ուրիշի ցավին: Ինչ ազգության էլ պատկանես, հնարավոր չէ ներել այդ արարքը, անտարբեր լինել, ժխտել, չճանաչել:
Որքան էլ Թուրքիան փորձի ժխտել, չճանաչել, միևնույնն է, եթե մարդիկ էլ ներեն, Աստված չի ների:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը