«Հիշում ենք, պահանջում ենք, դատապարտում ենք»․ մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

«Այս տղաներն իրենց ու իրենց հոգին չնվիրեցին, իրենց արյունը չթափեցին հայոց հողի ազատագրման համար, որպեսզի մենք այսօր ապրենք օտար հողում»։ Այս նախադասությունը հնչեց հունվարի 25-ին Մոսկվայի «Հայորդյաց տանը»՝ պատմության ուսուցչուհի Աննա Թումանյանի և նրա ղեկավարած «Երիտասարդ պատմաբանի ակումբի» կազմակերպած «Հիշում ենք, պահանջում ենք, դատապարտում ենք» խորագրով մրցույթ-միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Իսկ վերանշյալ տղաները հայ հայդուկներն ու ֆիդայիններն էին։

Առաջին փուլում «Հարություն» և «Պաշտպան հայրենյաց» թիմերը մրցեցին Հայոց ցեղասպանության, դրա իրականացման փուլերի, հետևանքների, Հայկական հարցի, ազգային-ազտագրական պայքարի մասին ունեցած իրենց գիտելիքներով։ Երկրորդ փուլում ներկայացրեցին ազգային-ազատագրական պայքարում մեծ դեր ունեցած զորավարներից մեկի՝ պայքարի կոչող խոսքից մի հատված, իսկ մրցակից թիմը պետք է նշեր ներկայացվող հերոսի անունը։ Երրորդ փուլում «Պաշտպան հայրենյաց» թիմը ներկայացրեց իր պատրաստած՝ «Дороги смерти 1915» քարտեզը, որը ներկայացնում էր Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության կողմից իրականացրած ջարդերն ու գաղթի ճամփաները՝ միաժամանակ պատմելով հայերի կոտորածների, տեղահանությունների մասին։ Իսկ «Հարություն» թիմը պատրաստել էր երկու մասից բաղկացած մակետ․ մեկում Հայաստանն էր՝ եկեղեցիներով ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով, մյուսում՝ ապագայի Հայաստանը՝ վեհաշուք եկեղեցիներով ու շինություններով։ Պատրաստված աշխատանքները սաները նվիրեցին «Հայորդյաց տանը»։ Չորրորդ փուլում «Պաշտպան հայրենյաց» թիմը ներկայացավ փաստագրական կարճամետրաժ ֆիլմով, որտեղ պատմվում էր հայերի տեղահանությունների և կոտորածների մասին և ներկայացրեց աշխարհի տարբեր ծայրերում Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողները։ «Հարություն» թիմը ներկայացրեց 19-20-րդ դդ․ ազգային-ազատագրական պայքարում անուրանալի դեր ունեցած, սակայն այսօր քիչ հայտնի ֆիդայիններին և նրանց գործի նշանակությունը։

Մրցույթն անցավ անչափ հետաքրքիր և իրապես մրցակցային մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուր թիմ փորձում էր հնարավորինս ամբողջական պատասխան տալ, իսկ հանդիսատեսը հարցերից հետո մրցույթը ղեկավարող ուսուցչուհուն՝ Աննա Թումանյանին խնդրում էր շարունակել հարցերը։ Մրցույթին հետաքրքրությամբ հետևում էր ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՀՀ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի հոգևոր հայրերը։ Մրցույթային փուլերի ավարտին մրցակից թիմերը միասին կատարեցին «Առաքել, Մուշեղ լեռներեն իջան» երգը, այն նվիրելով ազգային-ազատագրական պայքարի նահատակներին։ Ամբողջական արդյունքների ամփոփումից առաջ թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ դիմելով ներկաներին՝ ասաց․ «Պա՞րզ չէ, որ երկու թիմերն էլ հաղթեցին, հաղթեց «Հայորդյաց տունը», քանի որ այստեղ ուսանում են այսքան բանիմաց, ազնիվ, նպատակասլաց և հայերանսեր հայորդիներ։ Դուք, ձեր սերունդն այնպես պետք է սովորի, որ զբաղեցնի կարևորագույն պաշտոններ և այդ մակարդակում հասնի հարցի արդարացի լուծմանը։ Հակառակ դեպքում, ինչպես դուք նշեցիք՝ «մենք կունենանք Բեռլինի, Սան Ստեֆանոյի կոնֆերանսներ, որտեղ Հայկական հարցը կմնա թղթի վրա»։ Ոճրագործությանը պատասխանելու լավագույն ճանապարհը զավակներ ունենալն է, որքան էլ մեծ, ամփոփ ու բովանդակալից լինեն նման միջոցառումները՝ գոնե մեկ զավակի արժեքն ունենալ չեն կարող»։

Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մասնակիցներին նվիրեց «Андраник и его эпоха» գիրքն ու իր օրհնությունը փոխանցեց ներկաներին, «Հայորդյաց տան» տնօրինությանն ու անձնակազմին, մրցույթի կազմակերպիչ Աննա Թումանյանին՝ սաներին իրապես կրթելու համար, իսկ ներկաներին առաջարկեց նամակներ գրել առաջատար բուհերին՝ Հայոց ցեղասպանության թեմայով գիտական աշխատանքների մրցութին մասնակցելու հրավերով։ Որից հետո հաղթող երեք հեղինակներին անվճար՝ Հայաստան մեկնելու և պատմությանը, ժողովրդին, ավանդույթներին ծանոթալու հնարավորություն ընձեռել։

Արմինե Կարեյան

Մոսկվա

01 02 03 04 05

Scroll Up