Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը Սփյուռքի կրթօջախներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգարժան պարոն Ճինպաշեան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին, շատ սիրելի տիկին Սօսեին, Ձեր հոյակերտ ճեմարանի մանկավարժներին ու սաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2014 թվականը լինի կայունության, վերելքների ու բոլոր սպասումների իրականացման տարի:
Թանկագին հայրենակից, վստահ եմ, որ 2014 թվականին էլ ավելի հաստատ կգործեն հայ շունչն ու ոգին սերմանող մեր դպրոցները, և կյանքի կկոչվեն բազում հայանպաստ ձեռնարկներ, որ հայ ուսուցիչները կշարունակեն օտար երկրում հայ մանկանն ու երիտասարդին մայրենին, հայրենի պատմությունն ու մշակույթը սովորեցնելու, հայի ինքնությունը պահելու իրենց նվիրական առաքելությունը վստահ եմ, որ Հայաստան-հայրենիքից դուրս հայ դպրոցը հայ երեխայի ու հայ համայնքի համար փոքրիկ հայրենիք է:
Շնորհիվ հայ դպրոցի է հայը հայ մնացել: Շնորհիվ հայ ուսուցչի ջանքերի, օտարախոս միջավայրում հայեցի կրթություն ու դաստիարակություն են ստանում հայ սերունդները, սիրում և գնահատում մեր ոսկեղենիկ մայրենին, մեր էթնիկ հայրենիքի մշակույթն ու հազարամյակների պատմությունը, հայկական բարի ավանդույթներն ու սովորությունները: Ձեր ջանքերի շնորհիվ է նաև, որ հաղորդվում և սերնդեսերունդ փոխանցվում են հային բնորոշ աշխատասիրությունը, «քարից հաց քամելու» կարողությունը, գիտելիքներ ձեռք բերելու մեծ և անհագուրդ մղումը, պատվախնդրությունը, ազգային հպարտության զգացումը, գեղեցիկը, բարին ու արդարությունը խորությամբ ընկալելու, ազնիվ ու հային արժանավայել գործերով օտար երկրում ինքնություն հաստատելու հատկանիշները:
Հուսով եմ, որ իմ հայրենակիցները իրենց բնակության երկրներում օրինապաշտ քաղաքացի են, հարգում են իրենց հյուրընկալած երկրի օրենքներն ու ժողովրդի ապրելակերպի նորմերը, և արժանապատվորեն են ինտեգրվում տեղի հանրությանը:
21-րդ դարը գիտելիքի, գաղափարի դար է, և ես ուզում եմ իմ խոսքն ուղղել հայ երիտասարդներին՝ լավ սովորեք, շատ գիտելիքներ ձեռք բերեք և կարողացեք այս արագ փոփոխվող և փոքրացող աշխարհում ձեր կարևոր տեղը գրավել, կայանալ՝ մնալով հայ, և ճանաչվել որպես լավ հայ:
Մենք Հայրենիքում ձեռնարկում ենք հնարավոր բոլոր քայլերը, իրագործում ծրագրեր, միջոցառումներ, որոնք կոչված են աջակցելու համայնքներում հայապահպանության, սերունդների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության գիտակցության ձևավորմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում մեր ջանքերը ևս պետք է ուղղորդենք Սիրիայում պատերազմից տուժած մեր հայրենակիցների աջակցությանը և մաղթենք, որպեսզի օր առաջ խաղաղություն տիրի, և սիրիահայությունը վերագտնի իր հոգեկան անդորրը:
Հավատացած եմ, որ սփյուռքի մեր կրթօջախները մեծ պատվախնդրություն են հանդես բերում Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճրագործության զոհերի ոգեկոչման, դատապարտմանն ուղղված միջոցառումների հարցում:
Թող աշխարհում խաղաղություն լինի, ու հանդուրժողականությունը համատարած համակի բոլորիս, թող սերն ու երջանկությունն ուղեկցեն ամենքին և ամենուր:
Մաղթում եմ ձեզ երկարակեցություն, հոգու մշտատև զվարթություն, ոգու զորացում՝ Սփյուռքում իրականացնելու դժվարին, սակայն պատվաբեր ու ազգանպաստ ձեր առաքելությունը:
Թող գալիք տարին Հայրենիքի և Սփյուռքի համար լինի համազգային նպատակների իրականացման, նվաճումների և նորանոր ձեռքբերումների տարի:
Թող Սուրբ Ծննդյան լույսն առաջնորդի աշխարհասփյուռ հայությանը՝ ի շենացումն Հայոց պետության և զորացումն բովանդակ Սփյուռքի:
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ