ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Բրազիլիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/Без-имени-15.jpg)
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
Հա՛յր սուրբ,
Իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն եմ հղում Ձեզ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու առիթով: Հիրավի, մեծ խորհուրդ ունի մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի նախաշեմին Ձեր ընտրությունը: Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի յուրովի գնահատականն է Ձեր նկատմամբ ունեցած մեծ վստահության և Ձեր նվիրյալ ծառայության համար:
Օվկիանոսից անդին մեր բարեկամ Բրազիլիայի ժողովրդի հյուրընկալ հողում արդեն մեկ դար բնակվող հայությունն իր ազգային արմատներին ամուր կառչած է մնացել Հայրենիքի կենարար հոգևոր-մշակութային արժեքներով մշտապես սնուցվելու շնորհիվ:
Հայոց նորագույն պատմության մեջ առանձնակի կարևորվում է Հայրենիք-Սփյուռք ամուր կապերի ամրապնդումն ու զարգացումը, որը միշտ էլ գտնվել է հայ ժողովրդի ու նրա հոգևոր դասի ուշադրության և հոգածության ներքո: Հայի կենսակերպ դարձած սույն խորհրդով առաջնորդվելով՝ ավելի քան երեսուն տարի Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանն իր նվիրյալ ծառայությամբ հավատարիմ մնաց ազգային Եկեղեցու վարդապետությանը և պահպանեց Բրազիլիայի Հայոց թեմի ուրույն նկարագիրը:
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ թեմը շարունակելու է Տաթև սրբազանի ավանդները և տեղի հայության համար դառնալու է հոգևոր-մշակութային նոր լիցքեր ստանալու սրբատեղի, կրթական-դաստիարակչական, հայ ազգային քրիստոնեական մտածելակերպի հիմնատարրերով հագեցած դարբնոց, որի հոգևոր անսպառ ուժը ի զորու է լինելու հայ համայնքի հոգում անմար պահել Միածնաէջ Սուրբ Տաճարից հորդացող Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի լույսը:
Հա՛յր սուրբ, երիցս ոգևորիչ է, որ Ձեր հոգևոր ծառայությունը սերտորեն առնչվում է աշխարհասփյուռ հայության ամերիկյան հատվածին: Ընդգծելով Ձեր քսանամյա ազգանվեր գործունեության կարևորությունը և մեծ փորձառությունը այդ տարածաշրջանում՝ համոզված ենք, որ գիտակցելով ուծացման ահագնացող վտանգը, Ձեր հովվապետությամբ սփյուռքի այդ համայնքների ազգային ավանդույթների պահպանմանը և ազգային ինքնության ու ինքնագիտակցության բարձրացմանը նպաստող ծրագրերի ընդլայնմանն ուղղված նոր կառուցակարգեր են մշակվելու: Եվ Ձեր թեմակալությամբ դառնալու եք Հայաստան – Բրազիլիայի հայ համայնք կապերի խորացման, ամրապնդման երաշխավորը:
Հա՛յր սուրբ, Ձեր գլխավորությամբ ակնկալում ենք Հայաստան – Սփյուռք գործակցության է՛լ ավելի սերտացում և բրազիլահայ համայնքի աշխույժ մասնակցություն ու ներգրավվածություն ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին:
Թո՛ղ Աստծո Ամենակարող Աջը միշտ հովանի լինի Բրազիլիայի Հայոց թեմին, Ձե՛զ, Հա՛յր սուրբ, և Բրազիլիայի հայությանը:
ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ