Պարգեւի՛ր Ուրախ Ամանոր
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում է յուրահատուկ ծրագիր` «Պարգևի’ր ուրախ Ամանոր» խորագրով:
Ծրագրի առաջին՝ «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» փուլի շրջանակներում 100 հայտնի հայեր Հայաստանի մարզերում և Երևանի արվարձաններում բնակություն հաստատած 100 սիրիահայ, ինչպես նաև ուկրաինահայ երեխաների համար «100» խորհրդանշական թվով ամանորյա անվանական նվերներ են պատրաստել:
Ծրագրի առաջին փուլի տոնական միջոցառման աջակիցն է «Ջամբո» էկզոտիկ պարկ-ռեստորանը, որը կազմակերպելու է ամանորյա միջոցառում՝ հյուրընկալելով երեխաներին և ծրագրի մասնակից հայտնիներին:
Հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը ծրագրի հանդեպ և երեխաների մեծ թիվը՝ որոշվել է իրականացնել երկրորդ փուլը՝ ևս 100 սիրիահայ և իրաքահայ երեխաների համար, այս անգամ որպես նվիրատուներ ընդգրկելով համահայկական և միջազգային կառույցները, հասարակական կազմակերպություններն ու հայաստանյան ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ բարերարների: Երկրորդ փուլի ամանորյա միջոցառումը կկայանա «Փլեյ-Սիթի» զվարճանքների կենտրոնում:
Ծրագրի մեկ փուլն էլ իրականացվելու է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող սիրիահայ և իրաքահայ ընտանիքների երեխաների համար: