Ռոբեր Գետիկյան. «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)»
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը (Robert Guediguian) նույնպես միացել է «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանը, որի նպատակն է համաշխարհային առումով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը:
1915 թվականի ողբերգական իրադարձություններին, Հայոց ցեղասպանության հետևանքներին Ռոբեր Գետիկյանը կանդրադառնա նաև իր նոր կինոաշխատանքում, որի նախնական վերնագիրն է «Մի խենթ պատմություն»: Ֆիլմում ներգրավված են ֆրանսահայ դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը և այլք: Ֆիլմը կանդրադառնա նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ ԱՍԱԼԱ-ի գործողություններին, այն հարցին, թե նոր սերունդն ինչպես է հետամուտ լինում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Գետիկյանի նոր ֆիլմը ժամանակագրական և տարածական մեծ ընդգրկում ունի. կինոպատումը սկսվում է Բեռլինում` Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան հայտնի կրակոցի տեսարանով, որը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Թալեաթի կյանքի վերջին օրն է դառնում: Իրադարձությունների հետագա զարգացումներում միահյուսվում են պատմական անցյալն ու ներկան, 20-րդ դարասկիզբն ու 80-ականները, Եվրոպան, Հայաստանն ու Մերձավոր Արևելքը:
Ֆիլմը պատրաստ կլինի 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
Հիշեցնենք, որ «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանը մասնակցում են տարբեր երկրների և տարբեր ազգությունների մարդիկ: Նրանք լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրություններով և իրենց լուսանկարները տեղադրում Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծված հատուկ խմբերում:
Այս կերպ նախաձեռնությանը միացած մարդիկ կոչ են անում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին` ճանաչել 1915 թվականին մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունը: