Պատրիկ Մալաքյան. «Մարմինս փշաքաղվում է, երբ ինքնաթիռում հայտարարում են, որ ժամանել ենք Հայաստան…»

Հայաստանում է կինոռեժիսոր, ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի նախագահ Պատրիկ Մալաքյանը` ֆրանսիահայ ճանաչված կինոռեժիսոր Անրի Վեռնոյի որդին, ում հետ և զրուցել է «Հայերն այսօրը».

– Մինչև 18 տարեկան ես կրել եմ Վեռնո ազգանունը, բայց հետո որոշեցի փոխել և վերցնել հորս իրական ազգանունը` Մալաքյան: Դա այն տարիներն էր, երբ հայրս կինոաշխարհում մեծ գործունեություն էր ծավալում ու շատ ճանաչված էր: Եվ նրա ազգանունը կրելով` ամեն ինչ քեզ առավել հեշտությամբ էր տրվում, մարդիկ քեզ հետ խոսում էին որպես Անրի Վեռնոյի որդի: Ես պարզապես ուզում էի լինել Պատրիկ, թեև միշտ հպարտացել եմ իմ ազգանվամբ:

Երկրորդ պատաճներից մեկն էլ այն էր, որ ցանկացա իմ հայկական ինքնությանը վերադառնալ` կրելով «յան» ազգանունը:

– Հետաքրքիր է, այսօր ի՞նչ կարևորություն ունի Անրի Վեռնո անունը Հայաստանում և Ֆրանսիայում:

– Ֆրանսիայում այսօր երիտասարդներին Անրի Վեռնո անունն այնքան էլ ծանոթ չէ: Բայց Հայաստանում նա ազգային հպարտություն է. և´ երիտասարդները, և´ ավագ սերունդը սիրում, ճանաչում ու գնահատում է նրան: Անրի Վեռնոն համարվում է հայ կինոմատոգրաֆիայի կարկառուն դեմքերից մեկը:

– Անրի Վեռնոյին Հայաստանում ճանաչում են, նախևառաջ, «Մայրիկ» ֆիլմով: Հեղինակի «մայրիկը» դարձել է հայ մոր յուրատեսակ խորհրդանիշ: Հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ հայր էր Անրի Վեռնոն:

– Այն կարծիքն է ստեղծված, որ կինոյի մարդիկ միշտ զբաղված են լինում. անընդհատ նկարահանումներ, գործուղումներ և ընտանիքի համար ժամանակ չեն ունենում: Բայց հայրս` Անրի Վեռնոն, ընտանիքի մարդ էր: Նկարահանումներից հետո նա գալիս էր տուն ու նվիրվում իր ընտանիքին: Մեր ընտանեկան երեկոները, ընթրիքները շատ աշխույժ էին անցնում, ուրախ, կատակներով: Կարծում եմ, որ հորս նման վարքագծի գլխավոր պատճառն այն էր, որ նա հայ էր: Գաղտնիք չէ, որ հայերը նվիրված են իրենց ընտանիքին, մեծ կարևորություն են տալիս ու ապրում են իրենց ընտանիքի փոքր ու մեծ հոգսերով:

– Հետաքրքիր է, Դուք ժառանգե՞լ եք այդ որակները: Հատկապես, որ հարցազրույցներից մեկում Ձեր մասին ասել եք` ֆրանսիացի` հայի սրտով:

– Մի քիչ բարդ է այս հարցին պատասխանել, որովհետև ես դեռ ամուսնացած չեմ և երեխաներ չունեմ: Բայց…ապագան շուտով կփոխվի: Ու բնական է, որ ես այդ ամենը կփոխանցեմ իմ բալիկներին և նույն հորդորով կդաստիարակեմ նրանց:

– Ի՞նչ այցով եք ժամանել Հայաստան:

– Ես Հայաստանում եմ  մի քանի պատճառներով: Առաջինը` հորս անունով փողոցի բացման աշխատանքների քննարկում էր, որը նախատեսվում է բացել 2015 թվականին: Այդ միջոցառմանը կհաջորդեն Անրի Վեռնոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, կոնֆերանսներ:

Ինչպես գիտեք, ես նաև ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի ղեկավարն եմ: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում նախատեսում ենք 65 երեխաների հրավիրել Մարսել,  որպեսզի համերգ կազմակերպենք:

Ես հանդիպել եմ նաև Արա Գևորգյանի հետ, ում ցանկանում ենք Եվրոպա հրավիրել:

Չորրոդ պատճառն այն է, որ ես շատ եմ ցանկանում աշխատել Հայաստանում, համագործակցել այստեղի մասնագետների հետ: Սա նաև առիթ է, որ հաճախակի Հայաստան գամ:

Գիտեք, միշտ պատճառներ եմ գտնում, որ Հայաստան այցելեմ:

Սա իմ չորրորդ այցն է Հայաստան: Ամեն անգամ շատ բուռն, ուժեղ, նոր զգացողություններ են իմ մեջ արթնանում:

Առաջին անգամ 1991 թվականին եմ այցելել. առ այսօր հիշում եմ իմ զգացողությունները: Հիմա 2014 թվականն է, շատ ժամանակ է անցել, այս ընթացքում մեծ փոփոխություններ են կատարվել: Բայց այսօր էլ, երբ ինքնաթիռում հայտարարվում է, որ ժամանել ենք Հայաստան, մարմինս փշաքաղվում է, զգացմունքներս սկսում են հորդել:

– Դուք այս տարի նաև առաջին անգամ Ապրիլի 24-ին այցելել եք Ծիածեռնակաբերդի հուշահամալիր: Ի՞նչ զգացողություններ եք ունեցել:

– Հուզմունքը խեղդելով` շարունակում է,-Դժվարանում եմ ասել, թե ինչ եմ զգացել, որովհետև անձնական շատ ծանր ապրումներ են դրանք: Նույնիսկ այն ժամանակ, երբ լռության մեջ ամբոխը կամաց-կամաց բարձրանում էր հուշահամալիր, հնարավոր չէր մտքիդ մեջ սարսափելի տեսարաններ չտեսնել, այն, ինչը ցավալի է անգամ հիշել:

2015 թվականի ապրիլի 24-ին դարձյալ այցելելու եմ Ծիծեռնակաբերդ: Կարծում եմ, որ շատ անհրաժեշտ է ու կարևոր, որ շատերն այդ օրը այցելեն Հայաստան ու Ցեղասպանության զոհերին նվիրված  հուշահամալիր:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up