«Արի տուն» -2014. Հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից…
«Հայերն Այսօրը» շարունակում է ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2014թ. ծրագրի հյուրընկալող ընտանիքների տպավորությունները սփյուռքից ժամանած երեխաներից, ովքեր իրենց իսկ տանն են բնակվել:
Ամալյա Ավդալյան – «Արի տուն» ծրագիրն արդեն հոգեհարազատ է դարձել ինձ համար: Հասցրել եմ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռումինիայից, Կիպրոսից, չորս երեխա հյուրընկալել իմ տանը: Երևի պատճառներից մեկն էլ այն է, որ օտարության մեջ գտնվող թոռնիկներ ունեմ, կարծես այդ երեխաներից եմ առնում կարոտս: Իսկ այս տարի Կիպրոսի թոռնիկս՝ Ռուբենը, ինձ անակնկալ մատուցեց. առանց տեղյակ պահելու եկել էր մասնակցելու ծրագրին, ուրախությունս և հուզումս անսահման էր: Միանշանակ պետք է ասել, որ հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից, և այդ օրինակին հետևելով՝ սիրով եմ միանում ՀՀ սփյուռքի նախարարության այս նախաձեռնությանը:
Կարինե Հովակիմյան – Հյուրընկալել եմ վրացաբնակ երկու տղաների՝ Դավիթին և Սերգեյին: Երեխաներ չունեմ, և մտածեցի այս միջոցով նրանց հետ շփվելով ինչ-որ չափով կլրացնեմ այդ բացը: Այսօր արդեն ուրախ եմ որոշմանս համար, քանի որ հարստացա նրանցով: Շատ հետաքրքիր տղաներ էին՝ իրարից տարբեր, ու հավանաբար այդ տարբերությունն էր պատճառը, որ միմյանց համար հետաքրքիր էին շատ: Դավիթն ավելի ինքնուրույն էր, իսկ Սերգեյն ավելի պարտաճանաչ ու ճշտապահ: Այն, ինչ բնորոշ էր երկուսին էլ, չափի զգացումն ու ամոթխածությունն էր: Միմյանց հետ շփումը հեշտ ստացվեց: Առօրյան հագեցած էր անցնում, ընթրելուց հետո ժամանակը տրամադրում էինք Երևանում ճանաչողական այցելություններին. պտույտներ էինք կազմակերպում Հաղթանակի զբոսայգում, Մատենադարանի շրջակայքում, երգող շատրվաններում և այլուր: Ասեմ նաև, որ մասնագիտությունիցս ելնելով, տղաներին Հայաստան տեղափոխվելու և ուսումնառությունը հայրենի հողի վրա շարունակելու առաջարկ եմ արել, որին նրանք դրական են արձագանքել:
Ռինա Ավետիսյան – Երբ ստացա սփյուռքահայ երեխա հյուրընկալելու առաջարկը, առանց վարանելու համաձայնեցի: Մանկապարտեզի տնօրեն եմ, ամբողջ օրը երեխաներով եմ շրջապատված, գուցե դա էր պատճառը: Ռուսաստանի Դաշնությունից երկու երեխա հյուրընկալեցի, որոնց հետ շատ մտերմացա: Հիմա հարազատացել ենք, կապը պահպանում ենք, և ինձ խոսք են տվել, որ նորից Հայաստան են գալու: Ոգևորությունս այնքան մեծ էր երեխաներից, որ բոլորին նրանց մասին էի պատմում:
Գեղամանդուխտ Հարությունյան-Ես արմատներով սասունցի եմ, և իմ տանը բնակվող երեխային սասունցիների ազգագրական պարերն էի սովորեցնում: Ամեն երեկո մեր բակում հավաքվում էին և սկսում պարել: Ոգևորությամբ էր պարում:
Սաթենիկ Կարապետյան – Անմոռանալի օրեր անցկացրինք մեր ընտանիքում ապրող երկու երեխաների հետ: Տան բակում թոնրատուն ունենք, որտեղ լավաշ ենք թխում: Նրանք մեծ հետաքրքրությամբ էին հետևում թխման ընթացքին և փորձում էին մեզ օգնել: Ամեն անգամ խոսելիս ասում են, որ ուզում են նորից գան Հայաստան, մասնակցեն «Արի տուն» ծրագրին: Միշտ այն պահն եմ հիշում, երբ հրաժեշտի ժամանակ չէին ուզում բաժանվեին և անընդհատ կրկնում էին, որ մեզ շատ կկարոտեն:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը