Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Իզաբել Դինգիզյանին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել հայազգի Իզաբել Դինգիզյանին, ով օրեր առաջ Կանաչների կուսակցության կողմից ընտրվել է Շվեդիայի խորհրդարանի երրորդ փոխխոսնակի պաշտոնում:
«Մեծ հպարտությամբ և ուրախությամբ տեղեկացա, որ Դուք ընտրվել եք Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ: ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ցանկացած հայի համար մեծ պատիվ է Ձեզ նման հայրենակցուհի ունենալը, ով ապրելով և արարելով Մայր Հայրենիքից դուրս` Շվեդիայի Թագավորությունում, կարողացել է իր մարդկային որակներով, իր պետական և քաղաքական գործունեությամբ նվաճել Շվեդիայի քաղաքացիների վստահությունը:
Նաև Ձեր ջանքերի և հայանպաստ համառ աշխատանքի շնորհիվ Շվեդիայի խորհրդարանը ընդունեց 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը, որը մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները դատապարտելուն և հետագայում դրանք բացառելուն ուղղված մեծ քայլ էր:
Ես 22 տարի շարունակ եղել եմ պառլամենտի անդամ և շատ լավ եմ պատկերացնում Ձեր գործունեության ճամփան ու մասշտաբները: Համոզված եմ, որ Դուք այսուհետ ևս կշարունակեք հայ-շվեդական կապերի ամրապնդմանն ուղղված Ձեր բարձր առաքելությունը, և մեր համատեղ ջանքերով կնպաստենք նաև Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացմանը»,-ասված է Սփյուռքի նախարարի շնորհավորական ուղերձում:
Իզաբել Դինգիզյանը ծնվել է Բաղդադում: 1965 թվականին նրա ընտանիքը գաղթել է Շվեդիա, 2006 և 2010 թվականներին նա ընտրվել է իբրև Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Կանաչների կուսակցության կողմից: