«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ

Համաժողովի թեմատիկ նիստերի ամփոփումից հետո համաժողովի, բոլոր նիստերի մասնակիցների համար ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա մասնավորապես ասաց, – «Հայաստանի Նախագահի ղեկավարությամբ մեր դիվանագիտությունը շարունակում է ներկայացնել և պաշտպանել մեր երկրի, ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում։ Այն, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է, ստորագրել է շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում վեց տասնյակից ավելի մեր ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների ծավալուն աշխատանքի: Այս ամենը դժվար կլիներ իրականացնել, եթե մեր կողքին չունենայինք աշխարհասփյուռ հայությանը»:

 

Նախարարը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

 

Նախարարը կարևորեց 2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ կարևորագույն համատեղ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոնք վերահաստատում են, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը այսօր լիակատար ընկալվում է միջազգային հանրության կողմից։

 

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հանրապետության արտաքին գերատեսչության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 

Արտաքին գործերի նախարարն անդրադարձավ նաև սիրիական ճգնաժամի հետևանքով արտակարգ դրության մեջ հայտնված մեր հայրենակիցների խնդիրներին և նշեց, որ նախարարության օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնում սիրիահայության անվտանգության և Սիրիայում մեր պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայկական Սփյուռքի դերը Հայաստանի միջազգային վարկի բարձրացման գործում: Նա մասնավորապես ասաց, – «Շատ նախաձեռնություններում մենք վայելում ենք Սփյուռքի կառույցների, կազմակերպությունների և անհատների աջակցությունը, և դրանում է նաև մեր ընդհանուր հաջողության գրավականը»։

 Նա վստահեցրեց, որ այս կարգի հանդիպումները հնարավորություն են ընձեռում համակարգելու համազգային համատեղ ջանքերը՝ ուղղված միջազգային ասպարեզում հայոց պետության, հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը։

Scroll Up