«Հայրենադարձ ղողանջներ» նախագիծն իր շուրջը համախմբեց սիրիահայ երաժիշտներին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 17-ին Կոմպոզիտորնրի Միության նախաձեռնությամբ  հենց Միության դահլիճում կայացավ  «Հայրենադարձ ղողանջներ» համերգային ծրագիրը:

Այն մի յուրատեսակ  նախագիծ էր, որը համախմբել էր վերջին իրադարձությունների արդյունքում Հայաստան տեղափոխված սիրիահայ երաժիշտներին` կոմպոզիտորների, մենակատարների, խմբավարների և երգչախմբի երգիչներ:  Կոմպոզիտորների Միությունը տվյալ համերգով նպատակ ուներ հանրությանը տեղեկացնել, որ սիրիահայ արվեստագետները՝  չնայած առկա դժվարություններին, շարունակում են իրենց գործունեությունը և կատարելագործում իրենց պրոֆեսիոնալ հմտությունները հայրենիքում: Հատկանշական է, որ այս համերգին  սիրիահայ երաժիշտ-ընկերներին իրենց կատարումներով աջակցեցին նաև տեղի երաժիշտները:

Եվ ահա, Միության նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքից հետո համերգը մեկնարկեց սիրիահայ երիտտասարդ կոմպոզիտոր Սարգիս Ադամյանի երկու ստեղծագործությունների կատարումներով, որից մեկը պրեմիերա էր՝ գրված տերմենվոքսի և դաշնամուրի համար: Ապա երեկոն զարդարվեց Ծովինար Հովհաննիսյանի հեղինակած ստեղծագործության գույներով՝ գրված քանոնի և դաշնամուրի համար: Համերգի երրորդ համարն իսկական անակնկալ էր բոլորի համար: Բեմում հայտնվեցին չորս հրաշք փոքրիկներ, ովքեր արագ տեղավորվելով դաշնամուրի շուրջը, կատարեցին Հոլլենհաուերի ստեղծագործությունը: Փոքրիկներին եկան հաջորդելու իրենց ավագ ընկերները՝ «Քառյակ» լարային քառյակը:

Երաժիշտների շնորհիվ Կոմպոզիտորների Միության դահլիճում թևածեց Կոմիտասյան հնչյունները: Դե իսկ համերգին ավարտին ներկաներն ունկնդրեցին Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախումբի հիանալի կատարումները (գեղարվեստական ղեկավար` Շահեն Քեշիշյանը):

02 03 04 05] 06 07 08]

Scroll Up