«Նոր կյանքին ընդառաջ…»

Նոր կյանքին ընդառաջ…Այս խորագիրն է կրում դեկտեմբերի 20-ին ժամը 18:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած բարեգործական համերգը`  սիրիահայ և հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ: Համերգին հնչելու են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գաբրիել Երանյանի, Աշոտ Սաթյանի, գուսան Հայկազունի, սիրիահայ երգահան Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները՝ Շուշան Պետրոսյանի, Արման Նշանյանի, Հովհաննես Մուբայեդի ղեկավարած դասական քառյակի, սիրիահայեր Ցոլեր Կարագուլյանի, Արաքս Մահտեսյանի, Մարի Արաբաջյանի, Սարգիս Թուֆենկչյանի, «Հայկազունք» և «Զանգակներ» համույթների, «Շառավիղ» մանկական երգչախմբի կատարմամբ: Երաժշտական համարները կընդմիջվեն պարային և ասմունքային կատարումներով:

Ինչպես «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը, սա թվով երրորդ համերգն է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է Հայաստանում հաստատված սիրիահայերի համար: Առաջին համերգը կազմակերպվել է 2012 թվականի հոկտեմբերին, երկրորդը` 2013 թվականի մայիսին:

Բարեգործական համերգից առաջ՝ ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում ամանորյա տրամադրություն կհաղորդի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

«Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք հիմնականում չեն աշխատում: Ցուցահանդեսը նրանց ինքնարտահայտվելու, ինչպես նաև գումար վաստակելու հնարավորություն կտա»,-նշեց Լուսինե Ստեփանյանը:

Ցուցահանդեսին մասնակցելու են մոտ 40 սիրիահայ, ներկայացվելու են ձեռագործ աշխատանքներ, քաղցրավենիք:

Փոխադարձ համաձայնությամբ` հասույթի մի մասը փոխանցվելու է «Նոր Հալեպ» թաղամասին:

Նշենք, որ բարեգործական համերգի մուտքն ազատ է, և ՀՀ սփյուռքի նախարարությունը սիրով հրավիրում է բոլորին…

Scroll Up