«Արի տուն-2014». Հայրենիքիս թիկունքը Սփյուռքն է. հյուրընկալ ընտանիք

Շարունակելով ներկայացնել արիտունցիների կարծիքներն ու տպավորությունները, «Հայերն այսօրն» այս անգամ անդրադառնում է  հյուրընկալ ընտանիքներին:

Աննա Քոչարյան, Հայաստան   – Մեր ընտանիքն առաջին անգամ էր հյուր ընդունում  Սփյուռքից:  Տպավորություններս չափազանց բուռն են՝ հիացմունք, հպարտություն և արդեն՝ կարոտ: Հայրենիքիս թիկունքը Սփյուռքն է: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրանց՝ սփյուռքահայ իմ հասակակիցների հետ: Հյուրընկալել էինք մի աջնակի, ով հայերեն չէր հասկանում (ի դեպ, խոստացավ անպայման սովորել), ու չնայած դրան, իսկական հայուհի էր. մտածում էր ինչպես մենք, ամեն առավոտ աղոթում էր ու խնդրում Աստծուց, որ օրը բարի լինի բոլորի համար:

Շատ կուզեի, որ ծրագիրը լինի շարունակական, ու ես, անկասկած, կլինեմ մեկն այն մարդկանցից, ով սիրով կընդունի մեր սփյուռքահայ քույրերին ու եղբայրներին: Սիրով կսպասեմ…

Մարիամ Այվազյան, Հայաստան – Կարծում եմ՝  հիանալի ծրագիր է, որն արդեն իրականացվում է երկար տարիներ: Այն հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին լինել իրենց Հայրենիքում, զգալ, որ այստեղ բոլորը հարազատ են միմյանց: Պետք է ասեմ, որ նրանք, հայրենիք վերադառնալով, ավելի ու ավելի են կապվում Հայաստանի հետ, իրենց համարելով մեր երկրի մի մասնիկը: Շնորհիվ «Արի տուն»  ծրագրի՝  նրանք ճանաչում են իրենց նախնիների թողած ամեն մի կառույց, եկեղեցի, բերդ ու մատուռ: Սովորելով խոսել մաքուր հայերեն՝ ապացուցում են բոլորին, որ այո՛, մենք հայ ենք և պատրաստ ենք Հայաստանի համար անել ամեն ինչ:

Շնորհակալություն «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին:

Scroll Up