Սիբիլը Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը սեպտեմբերի 18-ին Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը:
Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում ժամը 17:00-ին:
Ermenihaber.am-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրեց, որ ձայնասկավառակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի Հայաստանի մանկապարտեզներից մեկին: Սիբիլը սիրով բոլորին հրավիրում է ներկա գտնվելու շնորհանդեսին և մասնակցելու այս բարեգործական ակցիային:
Նշենք, որ «Սեր» ալբոմը լույս է տեսել այս տարվա փետրվար ամսին: Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհու նոր` ալբոմում տեղ են գտել 12 երգեր`11 հայերեն, 1 արամերեն: Ալբոմում կան դուետներ` հայաստանցի աստղերի հետ: Ալբոմի «Այս գիշեր» երգի տեսահոլովակը փետրվարի 15-ին ցուցադրվեց թուրքական «CNNTurk» հեռուստաալիքով: Ավելացնենք նաև, որ 2010 թվականի նոյեմբերին թողարկվել էր նրա անունով «Սիբիլ» ալբոմը, որտեղ ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը: Իսկ երգացանկի առաջին երգը «Նամակ»-ն է, որն էլ հենց ճանաչում բերեց երգչուհուն:
Իսկ սույն թվականի Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած առաջին “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։