Տիգրան Մանսուրյանը Ցեղասպանության զոհերին նվիրված երեք երկ ունի

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր գործերը ներկայացնել ՀՀ նախագահի կողմից ստեղծված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին՝ համերգային երեկո կազմակերպելու համար:
ՀՀ նախագահի հրամանագրով երեք տարի առաջ ստեղծված հանձնաժողովը նախապատրաստում է այն հիմնական միջոցառումների շարքը, որոնք պետք է անցկացվեն 2015-ին ընդառաջ և 2015-ի ընթացքում:
«Ես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք ստեղծագործություն ունեմ: Ալտի և նվագախմբի կոնցերտ եմ գրել՝ «Երեք արիա՝ երգելու Արարատին բացված պատուհանից» խորագրով: Գրել եմ ևս մի գործ՝ Թավջութակի կոնցերտ՝ «Ու՞ր է Աբել եղբայրը քո» խորագրով: Բացի այդ, ունեմ նաև «Ռեքվիեմ»-ը, որը գրել եմ գերմանական ընկերության պատվերով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մանսուրյանը:
Անվանի կոմպոզիտորի խոսքով՝ այս երեք ստեղծագործությունները միասին միանգամից մեկ համերգ են կազմում: «Պետք է առաջարկեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին այդ գործերով համերգ կազմակերպել: Ի դեպ, գործերից Թավջութակի կոնցերտը Հայաստանում դեռևս չի հնչել»,-հավելեց կոմպոզիտորը:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան։
Մանրամասները՝ Armenpress.am կայքում: