«Արի տուն-2014». «Վերադարձ ինքնությանը». «Իմ ամբողջ դրացիները, ծանոթները թաքուն հայեր են, որոնք քուրդ են «դարձել» միայն 1915 թվականից հետո…». Մեթին Գյուզել

«Վերադարձ ինքնությանը» խորագրի հերոսն այս անգամ Դիարբեքիրում ապրող 49-ամյա Մեթին Գյուզելն է, ով և ներկայացնում է իր կյանքի պատմությունը: Պատմություն, երբ մի փոքրիկ դիպվածը քեզ ստիպում է առերեսվելու քո սեփական ինքնությանը.

«Առաջին անգամ եմ Հայաստանում և ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Ես Դիարբեքիրի Քուլպ գյուղից եմ: Մեր գյուղում դպրոց չկար: Ես սովորել եմ Դիարբեքիրի գիշերօթիկ դպրոցում, որտեղ և իմացել եմ իմ իրական ծագման մասին: Բարձր դասարանի աշակերտները, ուսուցիչներն ինձ, մի քանի այլ տղաների տեսնելով` ասում էին` հայերը եկան: Այդ խոսքերն ինձ համար տարօրինակ էին, ինչու` հայ, չէ՞ որ ես քուրդ եմ: Զարմանալի էին ինձ այդ բառերը, որովհետև մեր ընտանիքում մեր հայ լինելու մասին երբեք չի խոսվել:

Երբ արձակուրդներին տուն գնացի, անմիջապես ծնողներիս հարցրի, թե ինչու են ինձ դպրոցում հայ ասում: Այդ ժամանակ էր, որ ծնողներս պատմեցին մեր ընտանիքի իրական պատմությունը, որ մենք ոչ թե քուրդ ենք, այլ` հայ: Բայց նաև ասացին. «Այդ ամենով շատ մի´ հետաքրքրվիր, մի´ խոսիր այդ մասին, և քո հայ լինելը ցույց մի´տուր ուրիշներին»:

Այդ ժամանակ ես փոքր էի և շատ բան չէի կարող հասկանալ: Բայց իմ ընտանիքի իրական պատմությունը, առեղծվածն ինձ հանգիստ չէր տալիս: Սկսեցի պրպտել և աստիճանաբար հասկացա, որ միայն իմ ընտանիքը չէ, որ թաքցրել է իր ինքնությունը, որ իմ ամբողջ դրացիները, ծանոթները թաքուն հայեր են, որոնք քուրդ են «դարձել» միայն 1915 թվականից հետո: Մեր շրջանում տարածված արտահայտություն կա, որը մոտավորապես այսպես է հնչում` սուրը զարնել են ու մի քանի հոգի մնացել է առանց զարնվելու: «Առանց զարնվողները» մենք էինք` թաքուն հայերը, որոնց «քլըճ արտ»` միայնակ ապրողներ են ասել, և մենք նրանց զավակներն ենք, թոռները, որոնք բավականին շատ են այսօր Դիարբեքիրում:

Ճիշտ է` այսօր գիտեմ, որ հայ եմ, բայց ոչինչ չգիտեմ իմ նախնիների մասին: Միակ մարդիկ` իմ մեծ ծնողները, ովքեր կարող էին ինձ որևէ բան պատմել, այսօր կենդանի չեն: Կառավարական թղթերից միայն գիտեմ, որ պապիկիս անունը Առաքել է եղել, որը դարձել է Էներ:

Ծնողներս իրենց ծագումը գաղտնի են պահել, բայց իմ ով լինելն իմ ընկերները, ծանոթները գիտեն: Ես այսօր Դիարբեքիրում ճաշարան ունեմ: Հաճախորդների մեծ մասը նույնպես գիտի այդ ամենը: Այդ պատճառով է նաև, որ շատ թաքուն հայեր են սկսել ճաշարան այցելել:

Ափսոսում եմ, որ ավելի երիտասարդ տարիքում չեմ այցելել Հայաստան: Այդ ժամանակ ես ավելի հույսով կսկսեի ապրել: Երբ եկա Հայաստան, սիրտս ավելի արագ սկսեց բաբախել: Հասկացա, որ այսօր Հայաստանը՝ այս փոքրիկ երկիրն է հայերի հայրենիքը միայն: Երբ վերադառնամ, հարկավ, ինձ ավելի շատ հայ պետք է զգամ:

Մի բան ևս. այն երկիրը, որտեղ մենք այսօր ապրում ենք, ամեն վայրկյան կարող է փոխվել: Պետք է ընդամենը սպասել ու տեսնել, թե ապագայում ինչ կլինի…»:

Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up