Հայ ժողովրդի բարեկամները Յոհաննես Լեփսիուս 1858-1926

1915թ. հայերի նկատմամբ կիրառած, նախապես մշակված, ծրագրված վայրագ քաղաքականության, հայերի զանգվածային կոտորածների նախադեպը չունեցող ահասարսուռ ոճրագործության դեմ իրենց ձայնն են բարձրացրել ժամանակի քաղաքական տարբեր համոզմունքների, տարբեր դավանանքի ու տարբեր ազգությունների պատկանող երևելի գործիչներ` գերմանացի հոգևորական, հասարակական գործիչ, նշանավոր արևելագետ, դոկտոր Յոհաննես Լեփսիուսոը, անգլիացի պատմաբան, պետական գործիչ լորդ Ջեյմս Բրայսը, մուսուլմանական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Հիջազի կառավարիչ Հուսեյն իբն Ալին, գրողներ, հայագետներ Անատոլ Ֆրանսը, Անտուան Մեյեն, Յոզեֆ Մարկվարտը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Արմին Վեգները, Նիկողայոս Մառը…
Երկար տարիներ նշանավոր արևելագետ և մեծ հումանիստ Յոհաննես Լեփսիուսը զբաղվել է Հայկական հարցով, 1896թ. նա հրատարակել է «Հայաստանը և Եվրոպան» աշխատությունը: Գերմանահայկական ընկերության նախագահը` Լեփսիուսը, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին շատ եռանդուն կերպով փորձել է շարունակ միջամտել և ազդեցություն ունենալ երիտթուրքական կառավարության վրա` վերջ տալու հայերի կոտորածին, բայց նրա ձայնին ոչ ոք ականջալուր չի եղել: Որպես ականատես` Լեփսիուսը հետագայում, Թեհլերյանի դատի ժամանակ, համոզիչ կերպով ցույց է տվել, ապացուցել է, որ հայերի աքսորը ուղղակիորեն նշանակում էր հայերի ոչնչացում: «Աքսորատեղին հասավ հայերի միայն 10 տոկոսը, – գրում էր Լեփսիուսը, – մնացածներն սպանվեցին կամ մահացան սովից ու անտանելի տանջանքներից»: Քեմախի ձորում հայերի զանգվածային սպանության առնչությամբ Լեփսիուսը գրում է. «Ոչ մի կասկած չկար, որ խոսքը ոչ թե կայսրության անվտանգության նպատակին ուղղված ռազմական միջոցառումների, այլ հայ ժողովրդի ծրագրված զանգվածային ոչնչացման մասին էր»:
Պատերազմից հետո Լեփսիուսը գրեց, որ պատերազմի տարիներին արգելված էր գերմանական մամուլում նյութեր զետեղել կամ որևէ բառ անգամ հիշատակել հայերի նկատմամբ գործադրված բռնությունների, դաժանությունների մասին: 1915-16թթ. գտնվելով Ստամբուլում` Լեփսիուսին հաջողվեց հավաքել թուրքական իշխանությունների հայաջինջ քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ նյութեր, որոնց հիման վրա 1916թ. խիզախելով, նա լույս ընծայեց իր հայտնի «Հաշվետվություն հայ ժողովրդի վիճակի մասին Թուրքիայում» գիրքը, սակայն գերմանական գրաքննությունը չթույլատրեց, որ այդ գիրքը տարածվի գրախանութների միջոցով: «Այդ պատճառով էլ ես միայն կարողացա իմ հաշվետվությունը վստահելի մարդկանց բաժանել», – գրում էր Լեփսիուսը: Այս Հաշվետվությանն արձագանքեցին գերմանական մի խումբ առաջադեմ գործիչներ` հանդես գալով կոչով, դիմելով Կայսերական Գերմանիային` ներգործելու երիտթուրքերի վրա, որպեսզի վերջ տան հայերի կոտորածին: Լեփսիուսի Հաշվետվությունը, անկախ զանազան արգելանքներից, տարածվեց աշխարհով մեկ` առաջ բերելով աշխարհի առաջադեմ մարդկության զայրույթի ու բողոքի մեծ ալիքը: Լեփսիուսն իր մարդասիրական, լայնախոհ գործունեությամբ աշխարհին հանձնեց հայերի բնաջնջման ոճրագործության հեղինակներին, չթաքցրեց իր երկրի` Կայսերական Գերմանիայի մեղսակցությունն ու Անտանտի երկրների, Եվրոպայի, աշխարհի շատ գերտերությունների անտարբերությունն այդ հարցում: Լեփսիուսն իր հայանպաստ քաղաքականությամբ պաշտպանեց հայի դատը, և իր ձայնը բարձրացրեց ընդդեմ դահիճ երիտթուրքերի վայրագության: Երախտապարտը հայ ժողովուրդը 100 տարի անց էլ չի մոռացել և չի մոռանում իր բարեկամներին:
Կարինե Ավագյան