«Արի տուն-2014». «Վերադարձ ինքնությանը». «Հայրս ծագումով հայ է, մայրս` թուրք. ե՞ս…». Հուսեյն Յել

Դիարբեքիր կամ մեզ հարազատ Տիգրանակերտ, որտեղ այսօր մոտ 100 հազարից ավելի թաքուն հայ, հայ նախնիներ ունեցող մարդիկ են ապրում: Ովքեր են նրանք, ինչ գիտեն իրենց ծագման մասին: Պատմությունները տարբեր են, ինչպես այս մեկը, որը ներկայացնում է «Հայերն այսօրի» ընթերցողներին 33-ամյա Հուսեյն Յելը.

«Հիշում եմ, երբ ծնողներս վիճում էին, այն ժամանակ ես դեռ փոքր էի, մայրս հաճախ էր հայրիկիս «հայ» ասում: Այդ ժամանակ չէի կարող հասկանալ, թե ինչու: Մտածում էի, որ պարզապես ցանկանում է վիրավորել հայրիկիս, որովհետև մեզ մոտ «հայ» բառը վիրավորանք է նշանակում: Հիմա արդեն հասկանում եմ, որ մայրս վիրավորանքի պահին պարզապես հորս երեսին էր «շպրտում» նրա իրական ծագումը:

Հայրս ծագումով հայ է` թաքուն հայ, մայրս` թուրք: Ես…

…Ես ատաղձագործ-կահույքագործ եմ, ինչպես և իմ հայրը, և ապրում եմ Դիարբեքիրում:

12 տարեկան էի, երբ դպրոցում ինձ և մեծ քրոջս ասացին, որ մենք հայ ենք: Անմիջապես  դպրոցից տուն գնացինք ու ստիպեցինք ծնողներիս ասել, թե ինչ է դա նշանակում: Նրանք էլ մեզ ասացին, որ հայրիկս թաքուն հայ է:

Շատ կուզենայի իմ նախնիների մասին որևէ տեղեկություն իմանալ, թեկուզ այն, թե ինչ է եղել մեր ազգանունը: Բայց ումի՞ց: Միայն գիտեմ, որ մեր ազգականներից մեկը Ամերիկա է գնացել: Շատ եմ փնտրել, բայց նրա հետքը չեմ կարողացել գտնել: Եթե կարողանայի գտնել նրա ընտանիքը, հնարավոր է` կարողանայի պարզել, թե ովքեր են եղել մեր նախնիները:

Հայկական ծագմանս մասին իմանալուց հետո շատ էի ցանկանում Հայաստան այցելել, բայց չէր ստացվում: Այս ծրագրի մասին վերջին օրն եմ իմացել: Չհապաղեցի, անմիջապես իրերս հավաքեցի ու որոշեցի մեկնել:

Հայաստանում երկակի զգացողություններ ունեմ. և´ ուրախ եմ, և´ տխուր: Ուրախ եմ, որովհետև իմ հայրենիքն է սա: Իսկ տխուր եմ, որովհետև տեսա ժողովրդի աղքատությունը, հատկապես Երևանից դուրս ապրող մարդկանց: Ու սա ինձ խորհելու առիթ է տալիս: Եվ մի փոքր դառնացած, տխուր եմ գնալու Հայաստանից: Չեմ իմանում, թե ինչ կարող եմ անել` այստեղի վիճակը շտկելու համար: Բայց շատ կցանկանամ որևէ ձևով օգտակար լինել:

Անկախ ամեն ինչից, ես կարոտելու եմ Հայաստանը, այստեղ բոլորս միասին ենք ու մեզ շատ լավ ենք զգում: Երբ  մենք, ովքեր մասնակցում են «Արի տուն» ծրագրին, վերադառնանք Դիարբեքիր,  այստեղի պես միասին չենք կարող լինել ու մեզ, հաստատ, միայնակ կզգանք: Այս պատճառով մի փոքր մտահոգ եմ, տխուր:

Շատ եմ ցանկանում շարունակել հայերենի ուսուցումը: Երբ այցելել էինք ՀԲԸՄ, իմացա Վիրտուալ համալսարանի մասին: Շատ լավ է, որ կա նման հնարավորություն, և ինձ նման շատերը կարող են հայերեն սովորել:

…Շատ խոսեցի, հակառակ նրա, որ չեմ սիրում խոսել: Բայց լավ է, որ հարցազրույցներ եք անում մեզ հետ, ու մենք կարողանում ենք պատմել, խոսել տարբեր թեմաներից:

Բավականին բաների շուրջ եմ խորհում, հետագայում, հնարավոր է, որ այդ մասին պատմեմ: Իսկ հիմա ուզում եմ միայն ասել` ցտեսություն Հայաստան, ես մի օր կվերադառնամ…

Հուսեյն Յել, 33 տարեկան, Դիարբեքիր»:

Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up