«Արի տուն-2014». Հրաժեշտ՝ վերադարձի ակնկալիքով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/unnamed28.jpg)
Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում օգոստոսի 29-ին ազդարարվեց ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2014 թվականի ծրագրի ավարտը: Հիշեցնենք, որ ծրագրի վերջին՝ 8-րդ փուլին մասնակցելու էին եկել 45 պատանիներ և աղջիկներ աշխարհի 10 երկրներից:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը. «Սիրելի՛ երեխաներ, ուրախ ենք, որ ցանկություն եք հայտնել գալ և տեսնել Հայաստանը, մենք միշտ սպասում ենք ձեզ, մեր դռները բաց են ձեր առջև: Համոզված եմ՝ ծրագրի շրջանակներում անմոռաց օրեր եք անցկացրել, որոնք ողջ կյանքի ընթացքում հիշելու եք: Ձեզ եմ փոխանցում նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույներն ու ջերմ բարեմաղթանքները»:
Արիտունցիները հրաժեշտի գեղեցիկ միջոցառում էին պատրաստել, որն էլ ոգևորությամբ ներկայացրին հանդիսատեսի ուշադրությանը: Միջոցառումը բացվեց Հայաստանի օրհներգի կատարմամբ և «Հայր մեր» տերունական աղոթքով: Նրանք հայրենասիրական տարբեր երգեր, բանաստեղծություններ կատարեցին, հանդես եկան «Կովկասյան պար»-ով, ինչպես նաև բեմական փոքրիկ ներկայացումներ ցուցադրեցին:
Ելույթներով հանդես եկան նաև հյուրընկալող ընտանիքների ներկայացուցիչներից ոմանք: Ազգային երգերի կատարումներով սփյուռքից ժամանած պատանիներին և աղջիկներին ողջունելու էին եկել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և երգչուհի Քրիստինե Շառոյանը:
«Հրաժեշտ՝ վերադարձի ակնկալիքով» հրաժեշտի խարույկով ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2014 թվականի ծրագիրը:
Գևորգ Չիչյան, Ծաղկաձոր