«Սփյուռք» ամառային դպրոց-2014. Այս դասընթացները շատ կարևոր են Սփյուռքում ապրող հայերիս համար

«Հայերն այսօրը» ներկայացնում է «Սփյուռք» ամառային դպրոց-2014  ծրագրի մասնակիցների կարծիքներն ու տպավորությունները.

Արմինե Մանուկյան, Բուլղարիա 

Առաջին անգամ եմ մասնակցում «Սփյուռք» ամառային դպրոցի ազգային երգ ու պարի դասընթացին»: Շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի նախարարությանը, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավորություն ունեցա փորձառու մասնագետների օգնությամբ զարգացնել և խորացնել ազգային ավանդական երգ ու պարի, հայկական ավանդույթների և սովորույթների մասին իմ գիտելիքները: Դրանք սիրով կփոխանցեմ Սփյուռքում ապրող մեր հայ փոքրիկներին:

Շնորհակալություն ձեզ այս հայապահպան ու ազգանվեր մեծ գործի համար: 

Լյուբա Բուլուդյան,Վրաստան 

Մասնակցելով «Սփյուռք» ամառային դպրոցի Ազգային երգ ու պարի դասընթացին` ես ձեռք բերեցի շատ ու շատ գիտելիքներ հայ ազգային երգ ու պարի, հայ մշակույթի, մեր ստեղծագործ ժողովրդի ու դարերի պատմություն ունեցող երկրի ավանդույթների մասին, ինչի համար շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարության ողջ անձնակազմին: Բացի հետաքրքիր դասաժամերից՝ մեզ հնարավորություն ընձեռվեց անձնապես ճանաչելու մշակույթի այնպիսի գործիչների, ինչպիսիք են՝ Թովմաս Պողոսյանը, Գագիկ Գինոսյանը, Արա Գևորգյանը, Լուսիկ Ագուլեցին և շատ ուրիշներ: Անմոռանալի տպավորություններ են:

   Այս դասընթացները շատ կարևոր են մեզ՝ Սփյուռքում ապրող հայերիս համար և շատ կցանկանայի, որ դրանք շարունակական լինեին:

Արաքսի Կոսիկ, Ռուսաստանի Դաշնություն, Տվեր

Զգացմունքների մեծ ալեկոծություն է տիրում իմ հոգում. խառնվել են հույզ ու սեր, ուրախություն ու թախիծ, և, չգիտես ինչու, սիրտս լացում է այսքան ուրախ ու հետաքրքիր օրերին: Գիտեմ՝ պատճառն իմ երկրից, իմ հայրական տնից, հարազատներից ու ընկերներից բաժանվելն է: Ես դեռ երկար կհիշեմ այս տասնչորս օրը, դեռ երկար դրանք կպահեմ հուշերիս գողտրիկ անկյունում քե´զ, ի´մ Երևան, սիրելի´ «Սփյուռք» ամառային դպրոց:

Այնքան գոհ ու շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությունից, որ բառեր չեմ գտնում արտահայտվելու: Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա էր դրված, հիանալի էին դասընթացները, անմոռանալի էին հանդիպումները մշակութային գործիչների հետ, որոնց չէի էլ մտածել, որ երբևէ կարող եմ հանդիպել:

Մեծ-մեծ պաշարով եմ գնում իմ հայրենիքից սաներիս մոտ, և եթե լիներ երկրորդ հնարավորությունը, ապա առանց երկմտանքի կմասնակցեի:

Լիանա Աղաջանյան, Ռուսաստանի Դաշնություն, Ստավրոպոլ

Հայաստանում ես առաջին անգամ եմ և չեմ կարողանում արտահայտել իմ տպավորությունները:

Անչափ շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանն այսչափ հիասքանչ ծրագրի նախաձեռնության համար: Անմոռանալի հանդիպումներ, այցելություններ մշակութային կենտրոններ ու տեսարժան վայրեր, որը մեզ մեր մշակույթի մասին հետաքրքիր տեղեկություններ տվեց:

Այստեղ նոր ընկերներ ձեռք բերեցի, և մեզ բոլորիս համախմբում է մեր հայրենիքը՝ Հայաստանը: Այն խորը հետք թողեց իմ հոգում: Վստահ եմ, որ հետագայում կձգտեմ իմ պատմական հայրենիք, որտեղ էլ որ լինեմ, իմ հոգին և միտքը մշտապես կլինեն այստեղ:

Աստղիկ Քարամյան, Ռուսաստանի Դաշնություն, Սանկտ Պետերբուրգ 

Ողջունում եմ ձեզ, Ամառային դպրոցի հարգելի կազմակերպիչներ: Ազգային երգ ու պարի ուսումնական ծրագիրն ինձ համար շատ օգտակար էր: Այնպես է ստացվել, որ մինչ այս ինձ երբևէ չի հաջողվել հայկական երգին ու պարին վերաբերող գիտելիքներ ձեռք բերել. ինչ սովորել եմ, սովորել եմ ինքնուս: Ես միշտ այնպիսի մասնագետների կարիք եմ ունեցել, ինչպիսիք են Գագիկ Գինոսյանն ու Ռուբեն Կարասեֆերյանը:

Կարճ ժամանակահատվածում նրանք բոլորիս շատ հարազատ դարձան և տվեցին մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Շնորհակալություն բոլորիդ, և իմ խոնարհումը ձեզ:

unnamed50 unnamed-173

Scroll Up