«Լրագրող լինել անգամ քնած ժամանակ». հանդիպում Հրայր Զորյանի հետ
Սփյուռքահայ լրագրողների դասընթացները շարունակվոււմ են «Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագրի շրջանակներում: Նրանք եզակի հնարավորություն ունեն հանդիպելու ոլորտի լավագույն մասնագետներին, լսելու նրանց դասախոսություններն ու խորհուրդները: Այս անգամ երիտասարդ լրագրողներին հյուրընկալվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նախկին պետ, ՀՀ Աժ նախագահի խորհրդական, Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հրայր Զորյանը:
Պարոն Զորյանը նախ նկատեց, որ Սփյուռքի լրագրողական դպրոցում սերնդափոխություն է տեղի ունենում: «Դա բնական գործընթաց է, քանի որ նոր սերունդը ասելիք ունի, նոր ոճ ու տեսակ է բերում, նոր խոսք»,- ասաց Հրայր Զորյանը: Նա նաեւ ուրախությամբ նշեց, որ Սփյուռքը եւ հայրենիքը այլեւս անջրպետված չեն, չկա առաջվա տեղեկատվական բացը, այսօր Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց հասանելի է Սփյուռքի հայությանը:
«Պարզապես հարց է, թե ինչքանով են Սփյուռքի լրատվամիջոցները հետաքրքրված հայաստանյան իրողություններով եւ ինչքանով են լուսաբանում դրանք»,- նշեց պարոն Զորյանը: Իսկ ահա մենք, ըստ մասնագետի, Սփյուռքից եկող տեղեկատվության բաց ունենք, շատ անգամ այդ առումով կտրված ենք հայկական համայնքներից: «Տեղեկատվությունը, ինչ խոսք, գալիս է Սփյուռքի եւ Արտաքին գործերի նախարարությունների խողովակով, եւ մենք ստանում ենք Սփյուռքից լուրեր, բայց դուք էլ պիտի համագործակցեք հայաստանյան լրատվամիջոցների հետ, փոխանակվեք տեղեկատվությամբ, կապեր հաստատեք: Սա ձեզ համար լավ առիթ է այդ մասին մտածելու համար»,- ասաց Հրայր Զորյանը:
Մասնակիցները այնուհետ լսեցին մասնագիտական մի շարք խորհուրդներ, որոնք կկիրառեն իրենց հետագա գործունեության մեջ: Հրայր Զորյանը նրանց առավել քան մանրամասն ներկայացրեց լրագրողական նյութ գրելու տեխնիկան` սկսած նյութի թեմայի ընտրությունից ու հայթայթումից, տեղեկատվական աղբյուրների հետ տարվող աշխատանքից, տեքստի կազմումից, վերնագրի ընտրությունից եւ այլն: «Նյութը պիտի սեղմ լինի, բայց դրանից չպիտի տուժի նրա ամբողջականությունը: Աշխատեք ձեր մեջ «եփել» այն մինչ թղթին կամ համակարգչին հանձնելը: Ու մի բան լավ հիշեք, դուք պիտի ձեր գրիչը ճիշտ աշխատեցնեք: Տեր եղեք ձեր ստորագրությանը, քանի որ եթե այն կորցնում է իր արժեքը, ձեր մասնագիտական կարիերան ավարտված է»,- նշեց պարոն Զորյանը: Նա նաեւ խոսեց լրագրողի մասնագիտության կարեւորության մասին, եւ թե ինչ առաքելության է կոչված հենց լրագրողը: «Մեր մասնագիտությունը եզակի է իր տեսակի մեջ այն առումով, որ դուք ամեն օր կարծես նոր մարդ եք դառնում. հնագետի հետ դուք հնագետ եք, բժշկի հետ՝ բժիշկ, հողագործի հետ` հողագործ: Բայց այս ամենից զատ, դուք որոշում եք, թե ինչի մասին եւ ինչպես պիտի մտածի հանրությունը»,- ասաց փորձառու լրագրողը:
Մասնակիցներին հետաքրքրում էր, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր այսքան տեղեկատվական հոսքերի մեջ պահել լսարանի ուշադրությունը եւ հետաքրքրվածությունը: Պարոն Զորյանը խորհուրդ տվից աշխատել արհեստավարժ, հավատարիմ մնալ սեփական անձին, քայլել ժամանակի հետ, գիտակցել վայրկյանի արժեքը եւ լրագրող լինել անգամ քնած ժամանակ:
Հանդիպման ավարտին դասաախոսը նաեւ մի փոքր պատմեց հանրության հետ կապերի (PR) ոլորտից` հաշվի առնելով մասնակիցների առանձնակի հետաքրքրվածությունը:
Ամալյա Կարապետյան