«Սփիւռք» ամառային դպրոց-2014. Այս դասընթացները շատ կարեւոր են Սփիւռքում ապրող հայերիս համար

Արմինէ Մանուկեան, Բուլղարիայ

Առաջին անգամ եմ մասնակցում «Սփիւռք» ամառային դպրոցի ազգային երգ ու պարի դասընթացինէ: Շնորհակալութիւն եմ յայտնում Սփիւռքի նախարարութեանը, որ այս կարճ ժամանակահատուածում հնարաւորութիւն ունեցայ փորձառու մասնագէտների օգնութեամբ զարգացնել եւ խորացնել ազգային աւանդական երգ ու պարի, հայկական աւանդոյթների եւ սովորոյթների մասին իմ գիտելիքները: Դրանք սիրով կը փոխանցեմ Սփիւռքում ապրող մեր հայ փոքրիկներին:

Շնորհակալութիւն ձեզ այս հայապահպան ու ազգանուէր մեծ գործի համար:

 Լիւբայ Բուլուդեան,Վրաստան

Մասնակցելով «Սփիւռք» ամառային դպրոցի Ազգային երգ ու պարի դասընթացին` ես ձեռք բերեցի շատ ու շատ գիտելիքներ հայ ազգային երգ ու պարի, հայ մշակոյթի, մեր ստեղծագործ ժողովրդի ու դարերի պատմութիւն ունեցող երկրի աւանդոյթների մասին, ինչի համար շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին` Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին եւ նախարարութեան ողջ անձնակազմին: Բացի հետաքրքիր դասաժամերից` մեզ հնարաւորութիւն ընձեռուեց անձնապէս ճանաչելու մշակոյթի այնպիսի գործիչների, ինչպիսիք են` Թովմաս Պօղոսեանը, Գագիկ Գինոսեանը, Արա Գեւորգեանը, Լուսիկ Ագուլեցին եւ շատ ուրիշներ: Անմոռանալի տպաւորութիւններ են:

   Այս դասընթացները շատ կարեւոր են մեզ` Սփիւռքում ապրող հայերիս համար եւ շատ կը ցանկանայի, որ դրանք շարունակական լինէին:

Արաքսի Կոսիկ, Ռուսաստանի Դաշնութիւն, Տուեր

Զգացմունքների մեծ ալեկոծութիւն է տիրում իմ հոգում. խառնուել են յոյզ ու սէր, ուրախութիւն ու թախիծ, եւ, չգիտես ինչու, սիրտս լացում է այսքան ուրախ ու հետաքրքիր օրերին: Գիտեմ` պատճառն իմ երկրից, իմ հայրական տնից, հարազատներից ու ընկերներից բաժանուելն է: Ես դեռ երկար կը յիշեմ այս տասնչորս օրը, դեռ երկար դրանք կը պահեմ յուշերիս գողտրիկ անկիւնում քեբզ, իբմ Երեւան, սիրելիբ «սփիւռքէ ամառային դպրոց:

Այնքան գոհ ու շնորհակալ եմ Սփիւռքի նախարարութիւնից, որ բառեր չեմ գտնում արտայայտուելու: Ամէն ինչ շատ բարձր մակարդակի վրայ էր դրուած, հիանալի էին դասընթացները, անմոռանալի էին հանդիպումները մշակութային գործիչների հետ, որոնց չէի էլ մտածել, որ երբեւէ կարող եմ հանդիպել:

Մեծ-մեծ պաշարով եմ գնում իմ հայրենիքից սաներիս մօտ, եւ եթէ լինէր երկրորդ հնարաւորութիւնը, ապա առանց երկմտանքի կը մասնակցէի:

Լիանա Աղաջանեան, Ռուսաստանի Դաշնութիւն, Ստաւրոպոլ

Հայաստանում ես առաջին անգամ եմ եւ չեմ կարողանում արտայայտել իմ տպաւորութիւնները:

Անչափ շնորհակալ եմ Սփիւռքի նախարարութեանն այսչափ հիասքանչ ծրագրի նախաձեռնութեան համար: Անմոռանալի հանդիպումներ, այցելութիւններ մշակութային կենտրոններ ու տեսարժան վայրեր, որը մեզ մեր մշակոյթի մասին հետաքրքիր տեղեկութիւններ տուեց:

Այստեղ նոր ընկերներ ձեռք բերեցի, եւ մեզ բոլորիս համախմբում է մեր հայրենիքը` Հայաստանը: Այն խորը հետք թողեց իմ հոգում: Վստահ եմ, որ յետագայում կը ձգտեմ իմ պատմական հայրենիք, որտեղ էլ որ լինեմ, իմ հոգին եւ միտքը մշտապէս կը լինեն այստեղ:

Աստղիկ Քարամեան, Ռուսաստանի Դաշնութիւն, Սանկտ Պետերբուրգ

 Ողջունում եմ ձեզ, Ամառային դպրոցի յարգելի կազմակերպիչներ: Ազգային երգ ու պարի ուսումնական ծրագիրն ինձ համար շատ օգտակար էր: Այնպէս է ստացուել, որ մինչ այս ինձ երբեւէ չի յաջողուել հայկական երգին ու պարին վերաբերող գիտելիքներ ձեռք բերել. ինչ սովորել եմ, սովորել եմ ինքնուս: Ես միշտ այնպիսի մասնագէտների կարիք եմ ունեցել, ինչպիսիք են Գագիկ Գինոսեանն ու Ռուբեն Կարասեֆերեանը:

Կարճ ժամանակահատուածում նրանք բոլորիս շատ հարազատ դարձան եւ տուեցին մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Շնորհակալութիւն բոլորիդ, եւ իմ խոնարհումը ձեզ:

Scroll Up