ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի Մարի Մանուկյան վարժարանի տնօրինությանը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մարի Մանուկյան վարժարանի
Սիրելի՛ ուսուցիչներ և աշակերտներ,
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության անունից շնորհավորում եմ ձեզ վարժարանի ստեղծման 40-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեծ հպարտությամբ և գոհունակությամբ եմ ուզում նշել այն փաստը, որ հեռավոր Արգենտինայում ապրող մեր հայրենակիցներն այսքան նախանձախնդիր են հայ մանուկների հայեցի կրթության ու դաստիարակության, նրանց մեջ հայ ոգին կենսունակ պահելու նկատմամբ: Բարձր եմ գանահատում նաև հայ ընտանիքի և դպրոցի դերն ու երկար, հետևողական աշխատանքը հայ մանուկներին ու երիտասարդությանը հայ պահելու, հայեցի դաստիարակելու, նրանց Մայր Հայրենիքի հետ կապելու, ուծացման աղետի դեմ համատեղ պայքարելու մեծ նվիրումը:
Լինելով աշխարհի ամենահին ու ավանդապահ ժողովուրդներից մեկը` մենք՝ հայերս, հատուկ ենք արժևորում կրթությունը և ուսուցչին: Մենք միշտ էլ բարձր ենք գնահատել մեր մատաղ սերունդների ուսման և դաստիարակության հարցերի կազմակերպիչների, մանկավարժների ջանքները, մարդիկ, ովքեր, միջոցներ չխնայելով այդ նպատակի համար, զբաղված են մարդակերտումի և հայակերտումի անչափ կարևոր գործով:
Արդեն 40 տարի գործող Մարի Մանուկյան ամենօրյա վարժարանն իր ուսերին մեծ և պատասխանատու բեռ է վերցրել` իրականացնելով Արգենտինայում ապրող հայության համար ամենակարևոր ու արդիական հարցը` հայերենի ուսուցումը՝ այն հասցնելով այնպիսի հնչեղության, որ անգամ օտարներն են հետաքրքրված մեր լեզվով ու մշակույթով:
Առանձնակի շնորհակալությունս եմ հայտնում մեր այն արգենտինահայ ծնողներին, ովքեր իրենց փոքրիկներին բերում են հայկական դպրոց, այն բարերարներին և հովանավորներին, ովքեր հայի և հայության համար միջոցներ չեն խնայում:
Արտահայտելով երախտագիտությունս` մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ` ի նպաստ հայ սերնդի հայեցի լուսավոր ապագայի, ի նպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ու հզորացման:
Սիրով և լավագույն բարեմաղթանքներով`
Հրանուշ Հակոբյան