«Արի տուն -2014». Վերադարձ ինքնությանը. Դիարբեքիրցիների շուրթերը Հայաստանոտ են…

Քասըմ ԷրգյունԵրբ փոքր էի, քուրդ երեխաների հետ էի խաղում: Նրանք ինձ հայ էին անվանում իբրև հայոյանք: Դրանից հետո սկսեցի հետաքրքրրվել, թե ինչ է նշանակում հայ: Այդպես հստակ իմացա հայ լինելուս մասին և հիմա շատ հպարտ եմ այդ առումով: 1915թվականի Հայոց ցեղասպանությունից հետո նախնիներս տեղահան եղան, իսկ փրկվածներն էլ պատսպարվեցին թուքական գյուղերում, որի պատճառով մենք զրկվեցինք հայկական կրթություն ստանալուց: Նախնիներս բնիկ սասունցիներ են: Երկրորդ անգամ եմ լինում Հայաստանում: Առաջին այցելությունս 1991 թվականին էր: Գտնվելով Հայաստանում՝ և՛ ուրախ, և՛ տխուր եմ. ուրախությանս պատճառնն այն է. որ ազատ, անկախ Հայաստան ունենք, իսկ տխրության պատճառը ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից զրկվելն է:

Անուշ ԱսադուրՆախնիներս Կիլիկյան Հայաստանից են: Ես Հայասատանում առաջին անգամ 1982 թվականին եղա, երբ Ֆրանսիայում հայոց լեզվի ուսուցչուհի էի: Ապա բախտ վիճակվեց ներկա գտնվել  2011թվականի համահայկական խաղերին: Հիմա նույպես ուրախությունս անչափ է, որ Հայաստանում եմ՝ իմ պատմական հայրենիքում: Հայաստանը փոխօգնության կարիք ունի, քանի որ արհավիրքներ է տեսել: Սակայն համոզված եմ, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու: Յուրաքանչյուր հայ թե՛ դրսում, թե՛ այստեղ իր օգնությունը պետք է ցուցաբերի Հայաստանին: Միայն համախմբված լինելու դեպքում կհասնենք հաղթանակի և հետ կբերենք կորցրածը:

Նուրէդին Յաշար – Պապիկս սասունցի է եղել: Նա շատ էր պատմում ինձ Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Գիտակցությանս մեջ միշտ հայրենասիրություն էր սերմանում: Երկրորդ անգամ եմ արդեն լինում Հայաստանում: Առաջին անգամ հատուկ նպատակով 1995թվականին եկա. ցանկանում էի կորցրած ազգականներիս գտնել: Պատկերացրեք՝ հաջողվեց ինձ. գնալով Թալինի Սասնաշեն գյուղ՝ գտա նրանց, որից երկուստեք շատ ուրախացանք: Դա նաև պապիկիս խնդրանք է եղել ինձ, և հիմա հոգով հանգիստ եմ, որ կատարեցի նրա խնդրանքը: Հպարտ եմ, որ ևս մեկ անգամ ստացվեց գալ Հայաստան: Այստեղ ինձ լիովին հայ եմ զգում: Փափագս է, որ բոլոր աշխարհասփյուռ հայերը վերադառնան իրենց հայրենիք, որպեսզի իրենց ինքնությունը վերագտնեն: Հայաստան գալով՝ մենք լավ օրինակ կծառայենք մյուս ծպտյալ հայերին:

Հանգյուլ Օզբայ – Փոքր տարիքում եմ իմացել, որ հայ եմ: Տատիկս միշտ պատմել է այդ մասին: Նաև միշտ պատմում էր նախնիների կրած չարչարանքների մասին: Ջարդի ժամանակ տատիկիս մայրիկը ամուսնուն կորցնելուց հետո չի համաձայնվել թուրքի հետ  ամուսնանալ. փրկվելու համար իրեն գցել է ծովը : Այդ միջոցով է որոշել փրկվել: Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ գեղեցիկ, մաքուր քաղաք է Երևանը: Մարդիկ այստեղ հարգանքով են լցված միմյանց հանդեպ: Դեռ փոքր տարիքից  երազել եմ գալ Հայաստան, բայց չէր ստացվում: Այն հույսով եմ եկել, որ կկարողանամ գտնել բարեկամերիս:

Նարին Գյունդողուշ Հուզված եմ շատ, որ Հայաստանում եմ գտնվում: Զգացողություններս բառերով դժվարանում եմ բացատրել: Անընդմեջ աչքերիս առջև Հայոց ցեղասպանության տեսարաններն են հայտնվում: Առաջին անգամ եմ Հայաստանում: Երբ մտանք Երևան, միանգամից  այն գեղեցիկ և զարգացած քաղաք թվաց: Շինությունները հոյակապ են կառուցված, իսկ մարդիկ ժպտերես են: Ուզում եմ Հայաստանի բոլոր վայրերում լինել: Իսկ Հայաստան գալը միշտ մտքիս մեջ է եղել, պարզապես պատեհ առիթ չէր գտնվում: Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը մեր հանդեպ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ջերմ ընդունելության համար, զգացված ենք:

Արմեն Դեմիրճյան – Հինգ տարեկան էի, երբ իմացա՝ հայ եմ: Դրանից հետո միշտ հետաքրքրվել եմ հայերով, հայոց պատմությամբ, մշակույթով: Լինելով Հայաստանում՝ շատ եմ ուզում գտնել բարեկամներիս: Առաջին անգամ եմ գալիս Հայաստան: Շատ լավ է ամեն ինչ այստեղ, արդեն մտածում եմ, որ ամեն տարի այցելելու եմ իմ հայրենիք, երեխաներիս էլ կբերեմ: Օտարի պես չեն վերաբերվում մարդիկ մեզ, այլ  բարեկամաբար:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

1 2 3 4

Scroll Up