«Արի տուն -2014». Վերադարձ ինքնությանը.Դիարբեքիրցինեը Հայաստանով են ապրում…

Ջանան Էքինջի – Հայրիկիս մայրիկն է ինձ պատմել հայի ծագում ունենալուս մասին: Հինգ տարեկան էի այդ ժամանակ: Նախնիներս Շապին-Գարահիսարից են: Տատիկս մանրամասնորեն պատմում էր, թե ինչպես էին թուրքերը հայերին Շապին-Գարահիսարից տեղահան անում և կոտորում, սակայն նրանց հաջողվել է փրկվել: Սիրեցի շատ Հայաստանը, արտասովոր գեղեցկություն ունի: Ամեն ինչ այստեղ  իմ պատկերացրածից էլ ավելի գեղեցիկ է. իր քաղաքակրթությամբ եվրոպական ոչ մի երկրի չի զիջում: Հավանել եմ Հանրապետության հրապարակը, Կասկադը, Մայր Հայաստանի արձանը: Հայկական կերակուրներն էլ համտեսեցի, որոնք շատ համեղ էին: Դեռ փոքրուց ցանկացել եմ գալ և տեսնել Հայաստանը: Այն իմ ամենամեծ երազանքն է եղել:

Մուսա  Ալփ – Այն  ժամանակ ռադիոյով շատ էին խոսում հայերի մասին: Հայրս միշտ հետևում էր այդ հաղորդումներին և պատմում մեզ: Նա է տեղեկացրել, որ հայ ազգը դաժան կոտորածների է ենթարկվել թուրքերի կողմից. մենք ազդվում էինք հորս պատմածներից: «Մենք ցեղասպան եղած ընտանիքների սերունդներն ենք,-ասում էր նա,-մենք Սասունից ենք եկել: Եվ հիմա պետք է շարունակենք պահել մեր ընտանիքների արմատները»:

Առաջին անգամ լինելով Հայաստանում՝ իմ երազած հայրենիքը տեսա, երջանիկ եմ, որ հայրենի հողի վրա եմ: Իսկ ՀՀ սփյուռքի նախարարությանը բոլորս մեր սրտանց շնորհակալությունն ենք հայտնում, որ Հայաստանը տեսնելու բացառիկ հնարավորություն տվեց: Սփյուռքահայերի հանդեպ նախարարության  որդեգրած  քաղաքականությունը ուղղակի գովասանքի է արժանի:

Ռիհան Աքգյուն – Մայրիկիս կողմը ծագումով քուրդ է եղել, իսկ հայրիկի կողմը՝ հայ: Նրանք թուրքական Սիլվան գյուղում էին ապրում, ատաղձագործությամբ էին զբաղվում, փայտ մշակում: Առաջին անգամ եմ լինում Հայաստանում, հուզմունքս այդ առումով անբացատրելի է: Այստեղ գտնվելու օրերին ավելի կապվեցի Հայաստանին: Բազմիցս փորձեր եմ արել գալ՝  տեսնելու  պատմական հայրենիքս, բայց չի ստացվել: Երբ իմացա, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը հայրենասիրական նման ծրագիր ունի, միանգամից համաձայնությունս տվեցի՝ մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Ծիծեռնակաբերդ այցելելիս շատ ազդվեցի. աչքերիս առջև հայտնվեցին այն բոլոր պատկերներն ու պատմությունները, որոնք կարդացել էի Հայոց ցեղասպանության մասին, որոնց մասին պատմել էին ծնողներս:

Սելիմ ԱգտաշԵս արմատներով Սասունից եմ: Նախնիներս այնտեղ ատաղձագործությամբ են զբաղվել: Մինչև տասնվեց տարեկան դառնալս ծնողներս, անվտանգությունից ելնելով,  ինձ չէին ասում, որ հայ եմ: Ընտանիքով որոշել էինք, որ ուսումս Հայաստանում պետք է շարունակեմ: Եկա Հայաստան, և ավելի ամրապնդվեց այդ միտքը, քանի որ հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալ այստեղի ուսումնական հաստատությունների պայմաններին: Ուզում եմ հայոց պատմություն ուսումնասիրել: Առաջին քայլը, որ պետք է անել,  հայերենը սովորելն է: Բառերով չի ստացվի նկարագրել զգացողություններս ու ապրումներս Հայաստանից. դրանք հոգումս են կուտակվել: Այս ընթացքում կարողացա Երևանում և Աշնակ գյուղում գտնել ազգականներիս, որի համար ուրախ եմ շատ: 

Մուստաֆա ԻլհանՃիշտ է, անունս Մուստաֆա է, բայց կնքվելուց հետո հայկական անուն կրեցի՝ անվանվելով Ստեփան, որի համար հպարտ եմ: Ազգականներս հայոց ջարդերի ժամանակ պատսպարվել են Հալեպի տարածքում, նրաց մի մասը կենդանի մնաց, մյուսներն էլ նահատակվեցին թուրքերի կատարած ոճրագործությունից: Ծնողներս ինձ պատմել են, թե ինչ արհավիրքով է անցել  հայ ժողովուրդը: Այստեղ մեզ հարազատի պես են ընդունում, մոտենում են, ծանոթանում, հարցուփորձ անում, ինչից շատ ենք ոգևորվում: Հայաստանն ինձ համար զարգացած, մաքուր երկիր է: Իմանալով, որ Հայաստան գալու հնարավորություն ունեմ, առանց վարանելու որոշեցի գալ:

                                                                                           

   Պատրաստեց Գևորգ  Չիչյանը

5 6 7 8

Scroll Up