Ուրուգվայաբնակ Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը դարձավ ՀՀ քաղաքացի

Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ քաղաքացիության անձնագիր հանձնեց Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս, Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչ Ռուբեն Ապրահամյան Էրգանյանին, ով ՀՀ Նախագահի հրամանագրով դարձել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը ընթերցեց երդման տեքստը, և նախարարը նրան հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց անվանի սփյուռքահայի գործունեությունը Ուրուգվայի հայ համայնքում, ով նաև ակտիվորեն ներգրավված է երկրի հասարակական կյանքում: Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն   ծավալելու, հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու համար  Ռուբեն Ապրահամյան Էրգանյանն արժանացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալի:

Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը ծնվել է Ուրուգվայում: Տասնհինգ տարեկանից նա ներգրավվել է Ուրուգվայում հայկական կառույցների՝ մասնավորապես Հայ ուսանողական միության աշխատանքներին, զբաղվել է ձեռներեցությամբ և բարեգործությամբ: 1988թ աղետալի երկրաշարժի ժամանակ դրամական աջակցություն է ցուցաբերել Հայրենիքին: 2009 թվականից մինչ այժմ զբաղեցնում է Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ գոհունակությամբ նշեց վերջին օրերին Հանրապետության Նախագահի պատվիրակության կազմում Ուրուգվայ այցելության, հայկական համայնքի կողմից ջերմ ընդունելության արժանանալու մասին:

Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը իր երախտագիտությունը հայտնեց նման բարձր գնահատականի արժանանալու համար և շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է հայ լինել և Հայրենիքից դուրս զբաղվել հայապահպանությամբ: «Ով հայ է ծնվել, հայ պետք է մեռնի»,- նշեց նա:

IMG_7937-1 IMG_7943-1IMG_7964-1

Scroll Up