Խոսք Հայաստանի և «Արի տուն» ծրագրի մասին…
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/Без-имени-16.jpg)
Լիբանանից ժամանած տղաները՝ Անդրանիկ Սարգսյանը, Արծվիկ Ոսկանյանը, Պարգև Սասունյանը, Հրակ Ստեփանյանը և Սերժ Աբաջյանը դասընկերներ են: Բեյրութում նրանց ամուր ընկերությունը հենց դպրոցական տարիներին է ձևավորվել: Այնտեղ հայկական դպրոցում են սովորում: ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի մասին տղաներից Հրակն է իմացել և ընկերներին խորհուրդ է տվել միասին մասնակցելու ծրագրին: Սա կարևոր շարժառիթ է եղել նրանց համար, քանի որ երբեք չեն եղել Հայաստանում: Ընկերները միաբերան ասում են, որ առաջին իսկ օրից շատ են սիրել Հայաստանը, ամեն ինչ նոր բացահայտում է թվում: Ուսումնասիրում են շրջապատում գտնվող բոլոր շինությունները: «Արի տուն» ծրագրում իրենց շատ լավ են զգում, շփվում են տարբեր երկրների երեխաների հետ, ինչն էլ անչափ հաճելի է նրանց:
Մարիամ Ավագյանը ՌԴ Լիպեցկ քաղաքից է եկել մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Ապագա տնտեսագետ է: Վեց տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Լիպեցկում ապրելու: Տասներկու տարվա ընդմիջումից հետո գալով Հայաստան՝ յուրովի փոխված է տեսել իր հայրենիքը, հատկապես բնությունն է ավելի գեղեցկացած թվացել իր աչքերում: Տեղի հայկական համայնքը միշտ ակտիվ գործունեության մեջ է, տարբեր միջոցառումներ է կազմակերպում, որտեղ Մարիամն իր մասնակցությունն է ունենում: «Արի տուն» ծրագրի մասին ժպիտով և ուրախությամբ է խոսում, ամեն ինչ իր համար ծրագրում լավ է կազմակերպված, սովորելու և լավը ընդօրինակելու շատ բաներ ունի այստեղ: Մարիամը հավաստում է, որ բոլոր մասնակից երիտասարդները շատ անմիջական և մարդամոտ են: Ծրագրային շրջագայություններից հետո էլ հավաքվում են երեխաներով, զբոսնում Երևանում: Մարիամը շատ է սիրում զբոսնել Կասկադի տարածքում և Հանրապետության հրապարակում:
Իսկ Թբիլիսիից եկած Աննա Գաբրիելովնան արդեն ավարտել է այնտեղ գործող ռուսական դպրոցը: Ցանկանում է բուժքույր դառնալ: Ճիշտ է, Աննան ռուսական դպրոց է հաճախել, բայց հայությունը պահպանելու համար միշտ աշխատել է այդ ուղղությամբ. այցելել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոն, որտեղ հայերեն գրել-կարդալ է սովորել, հայկական պարեր սովորելու ուղղությամբ հմտացել: Աննան նույնպես առաջին անգամ է Հայաստանում, տպավորված է հին հայկական եկեղեցիներով: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասին շատ անգամ է լսել: Նախորդ տարիներին ընկերներն են պատմել իրեց հիշողությունների և տպավորությունների մասին, ինչից Աննան ոգևորվել է՝ ցանկություն հայտնելով մասնակցել «Արի տուն» ծրագրին:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը