«Արի տուն-2014».«Հայրենիքն սկսվում է այնտեղ ապրող մարդկանցից»
Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» երիտասարդական հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում 4-րդ փուլի մասնակիցները եղան կապուտաչյա Սևանում:
Օրն ըստ ավանդույթի սկսվեց հայոց լեզվի դասընթացով,որի ավարտից հետո ծրագրի մասնակիցները ոգևորությամբ քննարկում էին դասը, կրկնում նոր սովորած բառերն ու արտահայտությունները և խորհրդակցում դասավանդողների հանձնարարած շարադրության թեմայի շուրջ:
Օրվա հաջորդ երթուղին Երևանի կենդանաբանական այգին էր , ուր աշխարհագրական տարբեր գոտիներից բերված հետաքրքրաշարժ կենդանիներից ու թռչուններից երեխաներին առավել հետաքրքրեցին մարդկանց շարժումները նմանակող կապիկները : Երևանյան կիզիչ արևից հետո իր զով գիրկն էր կանչում հրաշք Սևանը: Չնայած եղանակն այնքան էլ բարենպաստ չէր, սակայն արիտունցիները բարձրացան Սևանավանք , իրենց աղոթքը հղեցին առ Աստված , հետո բարձունքից զմայլվեցին շրջակա հիասքանչ տեսարաններով:
Անձրևային եղանակի պատճառով մասնակիցները մի փոքր տխրել էին, քանի որ չէին կարող լողալ: Սակայն եղանակը «բարի գտնվեց», և քիչ անց արևի շողերը ողողեցին լճի կապուտակ հայելին: Միմյանց ամբողջովին թրջելուց հետո «Արմենիա» պարային համույթը հենց լճի ափին կատարեց երկու պար, որոնք ավելի բարձրացրեցին բոլորի տրամադրությունը:
Աբխազիայից Հայրենիք եկած 13-ամյա Կարինե Սուրմելեյանը, ով առաջին անգամ է Հայրենիքում, ամենքից շատ էր ոգևորված իր տեսածով ու զգացածով. հիացած էր թե՛ բնությամբ, թե՛ մարդկանցով: Նա հուզմունքով էր խոսում հատկապես Մատենադարանի ու Էջմիածնի մասին՝ ասելով, որ դրանք իր համար ամենատպավորիչ սրբավայրերն են իրենց նշանակությամբ ու ճարտարապետությամբ: Կարինեն խնդրեց մեր կայքի միջոցով իր երախտագիտությունը հայտնել Սփյուռքի նախարարաությանն ու իրեն հյուրընկալող ընտանիքին:
Մելինե Հովհաննիսյան