«Հրաշալի էքսկուրսիաներ, հոգատար վերաբերմունք, համեղ սնունդ. շնորհակալությու՛ն, Սփյուռքի նախարարություն». Էրիկ Վարդանյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» հայրենաճանաչողական ծրագիրը հունիս ամսից իր դռներն է բացել Սփյուռքի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հայորդիների առջև, որոնցից շատերն առաջին անգամ են Հայրենիքում, մի մասը ծնվել է Հայաստանում և ապրում է արտերկրում և գրեթե հիշողություններ չունի իր ծննդավայրից՝ շատ փոքր տարիքում Հայաստանից տեղափոխվելու պատճառով: Այս օրերից նրանք արդեն շատ հիշողություններ ու հետաքրքիր տպավորություններ կտանեն Հայրենիքից, որոնցով կիսվեցին նաև «Հայերն այսօր»-ի համար պատրաստվող զրույցների ընթացքում:
Էրիկ Վարդանյան, 15 տարեկան, ՌԴ
-8.5 տարեկան եմ եղել, երբ ընտանիքս տեղափոխվել է Ռուսաստան: Մեր ընտանիքը հայախոս է, ես դրսում եմ միայն ռուսերեն խոսում, որոհետև սովորում եմ ռուսական դպրոցում, ընկերներիցս շատերը ազգությամբ ռուս են: Ցավոք, նրանցից ոչ բոլորը գիտեն Հայաստանի ու հայերի մասին. կարծում են, թե հայերը մահմեդական են. ես կարողանում եմ հնարավորինս պատմել նրանց Հայաստանի ու հայերի մասին, ներկայացնել մեր պատմությունը, մեր Հայ առաքելական եկեղեցու մասին եմ պատմում:
Այս ծրագրի մասին լսել էի և մեծ ցանկություն ունեի մասնացել. ցանկությունս իրականություն է դարձել: Շատ հետաքրքիր շրջագայություններ են կազմակերպվում, որոնց ընթացքում ծանոթանում ենք Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին: Այսօր Սևան ենք գնալու, համոզված եմ, որ սա ամենատպավորիչն է լինելու, նաև կզովանանք կապուտակ Սևանի ափին: Առաջին անգամ եմ լինելու Սևանում, միայն լսել եմ ու նկարներում եմ տեսել այդ գեղեցիկ լիճը: Շատ շնորհակալ եմ այս ծրագրի կազմակերպիչներին, որ հնարավորություն ունենք ծանոթանալու Հայրենիքին, ծանոթանալու տարբեր երկրներից ծրագրին մասնակցող մեր հասակակիցների հետ, վայելելու Հայաստանի, Երևանի ամառը, անկրկնելի ջուրը, արևահամ մրգերը, հայկական կերակուրները, մեր հայրենակիցների ջերմ ու հոգատար վերաբերմունքը: Շնորհակալ եմ ինձ հյուրընկալող ընտանիքին, մեր խմբի ղեկավարներին, ուսուցիչներին: Ասեմ նաև, որ գոհ եմ էքսկուրսիայի ընթացքում մեզ տրվող ուտելիքից, հատկապես շատ եմ սիրում հայկական անմահական քաբաբը: Մեկ օրից մեզ սպասում է Աղավնաձորի ճամբարային առօրյան, որի մասին շատ լավ արձագանքներ եմ լսել: Ափսոս, որ յուրաքանչյուրը մեկ անգամ կարող է մասնակցել ծրագրին. ես իմ տպավորությունները կկիսեմ ընկերներիս հետ, որոնցից շատե՛րն են հետաքրքրված այս ծրագրով:
Զրուցեց Կարինե Ավագյանը