«Արի տուն» ծրագրի շրջանակներում այց Եռաբլուր և Ծիծեռնակաբերդի բարձունք
Հուլիսի 11-ին «Արի տուն -2014» ծրագրի 3-րդ փուլի մասնակից սփյուռքահայ երեխաների օրը սկսվել էր հայոց լեզվի դասընթացով: Երեխաները մեծ սիրով ուսումնասիրում և սովորում էին հայոց լեզուն : Կազմակերպիչների նպատակը նրանց հայերեն խոսել սովորեցնելն է , քանի որ սփյուռքահայ երեխաներից շատ քչերն են խոսում հայերեն: Դասընթացի վերջում երեխաները ուսուցչուհու հետ միասին երգեցին «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը : Դասընթացից հետո նրանց սպասվում էր հրաշալի և հագեցած օր:
Երեխաներն ուղևորվեցին Եռաբլուր պանթեոն : Շատերն առաջին անգամ էին այստեղ : Նրանք եկել էին հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Ծրագրի մասնակից Դիանան ասում է ` հպարտ եմ, որ հայ եմ. «Գալով Եռաբլուր` լցվեցի հայրենասիրական ոգով : Մենք այստեղ տեսանք հերոսների , որոնք իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենքի : Նրանցից շատերը, չնայած նրա, որ ապրել են հայրենիքից հեռու , եկել և կռվել են : Ես հպարտ եմ , որ նրանց հայրենակիցն եմ» ,- նշում է Դիանան :
Երեխաները ծաղիկներ դրեցին հերոսների շիրմաքարերին, եկեղեցում մոմ վառեցին և ուղեվորվեցին Ծիծեռնակաբերդի բարձունք :
Այնտեղ նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, շրջան կազմեցին և սկսեցին աղոթել : Ծրագրի կազմակերպիչները հորդորեցին երբեք չմոռանալ , թե ով է թուրքը ու հատուցում պահանջել:
Ծրագրի մասնակից Ելենան ցեղասպանության մասին պատմությունները լսելով ասաց.
«Ցեղասպանության մասին միշտ եմ իմացել, ծնողներս դեռ մանկուց պատմել են : Այստեղ՝ ծրագրի շրջանակներում, ավելի շատ պատմություններ իմացա , որոնց համար զգացի թե՛ հպարտություն , թե՛ տխրություն: Հպարտ եմ , որովհետև կարողացել են շարունակել ապրել , արարել : Տխուր եմ , որովհետև կորցրել ենք 1.500.000 միլիոն հայ» ,-ասում է Ելենան:
Մասնակիցները շնորհակալ են ՀՀ սփյուռքի նախարարությանը նման հնարավորություն ընձեռելու համար: Նրանք վստահեցնում են, որ Հայրենիքից իրենց հետ կտանեն հիանալի, վառ հուշեր և գիտելիքի մեծ պաշար:
Արփի Կիրակոսյան