<<Արի Տուն>> Ծրագիրի Ծիրէն Ներս Այց Եռաբլուր Եւ Ծիծեռնակաբերդի Բարձունք
Յուլիս 11-ին <<Արի տուն -2014>> ծրագիրի 3-րդ փուլի մասնակից սփիւռքահայ երեխաներու օրը սկսած էր հայոց լեզուի դասընթացքով: Երեխաները մեծ սիրով կ’ուսումնասիրէին եւ կը սորվէին հայոց լեզուն : Կազմակերպիչներուն նպատակը անոնց հայերէն խօսիլ սովորեցնելն է , քանի որ սփիւռքահայ երեխաներէն շատ քիչերը կը խօսին հայերէն: Դասընթացքի աւարտին երեխաները ուսուցչուհիին հետ միասին երգեցին <<Երեւան դարձած իմ Էրեբունի >> երգը : Դասընթացքէն ետք անոնց կը սպասէր հրաշալի եւ յագեցած օր:
Երեխաներն ուղեւորուեցան Եռաբլուր պանթէոն : Շատերն առաջին անգամ այստեղ կու գային : Անոնք եկած էին յարգանքի տուրք մատուցելու իրենց կեանքը հայրենիքի ազատութեան համար զոհաբերած հայորդիներու յիշատակին:
Ծրագիրի մասնակից Տիանան կ’ըսէ ` հպարտ եմ, որ հայ եմ. <<Գալով Եռաբլուր` լեցուեցայ հայրենասիրական ոգով : Մենք այստեղ տեսանք հերոսներ , որոնք իրենց կեանքը զոհած են յանուն Հայրենիքի: Անոնցմէ շատերը, չնայած անոր, որ ապրած են հայրենիքէն հեռու , եկած եւ կռուած են : Ես հպարտ եմ , որ անոնց հայրենակիցն եմ >> ,- կը նշէ Տիանան :
Երեխաները ծաղիկներ դրին հերոսներու շիրմաքարերուն, եկեղեցւոյ մէջ մոմ վառեցին եւ ուղեւորուեցան Ծիծեռնակաբերդի բարձունք :
Այնտեղ անոնք ծաղիկներ դրին անմար կրակին մօտ, շրջան կազմեցին եւ սկսան աղօթել : Ծրագիրի կազմակերպիչները յորդորեցին երբեք չմոռնալ , թէ ով է թուրքը ու հատուցում պահանջել:
Ծրագիրի մասնակից Ելենան ցեղասպանութեան մասին պատմութիւնները լսելով ըսաւ.
<< Ցեղասպանութեան մասին միշտ լսած եմ ծնողներէս : Այստեղ` ծրագիրի ծիրէն ներս, աւելի շատ պատմութիւններ իմացայ , որոնց համար զգացի թէ՛ հպարտութիւն , թէ՛ տխրութիւն: Հպարտ եմ , որովհետեւ կրցած են շարունակել ապրիլ , արարել : Տխուր եմ , որովհետեւ կորսնցուցած ենք 1.500.000 միլիոն հայ >> ,-կ’ըսէ Ելենան:
Մասնակիցները շնորհակալ են ՀՀ սփիւռքի նախարարութեան նման հնարաւորութիւն ընձեռելու համար : Անոնք կը վստահեցնեն, որ Հայրենիքէն իրենց հետ կը տանին հիանալի, վառ յուշեր եւ գիտելիքի մեծ պաշար:
Արփի Կիրակոսեան