Օր 8-րդ. Հայրենիքի յուրօրինակ ողջույնը՝ «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին

Հուլիսի 8-ին «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցների այցելության հերթական վայրը Սյունիքի  և Վայոց ձորի մարզերն էին:

Նախ Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչիան», Վոլգոգրադի «Արտույտ», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի «Արփի», Լիպեցկի «Կռունկ» պարախմբերի բացօթյա համերգն էր Սիսիանի քաղաքային մարզադաշտում:

Մի պահ հանդիսատեսի էին վերածվել սփյուռքահայ պարախմբերը, երբ նրանց համար ելույթ էին ունենում Սիսիանի մանկական կենտրոնի սաները, սիսիանցի երիտասարդ երգչուհի Անուշ Աղաջանյանը:

Հերթն արդեն սփյուռքահայ պարախմբերինն էր, որոնց ծափահարելու, պարը տեսնելու համար մարզադաշտ էին շտապել հարյուրավոր սիսիանցիներ: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Սլավիկ Դադաշյանի և «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի հետ նույնպես հետևում էր փառատոնի մասնակիցների ելույթներին:

Սփյուռքահայ երիտասարդների գեղեցիկ և հուզիչ պարը շատ էր ոգևորել սիսիանցիներին, որոնք իրենց շնորհակալությունը, երախտագիտությունը հայտնում էին ոչ միայն բարձր ծափահարություններով ու բացականչություններով, այլև՝ գեղեցիկ ծաղկեփնջերով: Իսկ համերգի վերջում նրանք ևս միացան սփյուռքահայ պարախմբերի միասնական պարին:

Համերգային գեղեցիկ ծրագիրն ավարտվեց, բայց սիսիանցիները չէին շտապում հեռանալ մարզադաշտից: Նրանք շրջապատել էին մասնակիցների ավտոբուսներն ու շնորհակալական, գովեստի խոսքեր էին ասում սփյուռքահայ երիտասարդներին, ովքեր երբեմն ոչ վարժ հայերենով, օտար լեզվով շնորհակալություն էին հայտնում ու ժպտում:

Եղան նաև սիսիանցիներ, ովքեր մասնակիցների շարքերում գտան իրենց հարազատներին. նրանց հուզմունքն ու ուրախությունը կրկնակի էր:

Փառատոնյան հերթական օրն ավարտվեց Նորավանքի վանական համալիր այցելությամբ, ուր անձրևն անգամ չխանգարեց մասնակիցներին շրջել համալիրով ու պարել, պարել անձրևի տակ՝ թրջված հագուստով ու ջերմացած սրտով: Անձրևն առավել ոգևորել էր Քուվեյթի «Շաքե» պարախմբի աղջիկներին, ովքեր խոստովանեցին, որ Քուվեյթում անձրև տեսնելն արդեն եզակի երևույթ է, իսկ պարելը՝ առավել ևս:

Անձրևից հետո երկինքը զարդարած կրկնակի ծիածանը մասնակիցների համար կարծես հայրենիքի յուրօրինակ ողջույնը լիներ ու հաղթական կամարը…

Լուսինե Աբրահամյան, Սիսիան-Նորավանք

unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed

Scroll Up