Օր 2-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի խմբերգային արվեստի օրերի մասնակից երգչախմբերի հանդիպումը Հայաստանի երգչախմբային արվեստի մեծերի հետ

Օգոստոսի 2-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի մասնակից երգչախմբերը Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում հանդիպում ունեցան Հայաստանի երգչախմբային արվեստի մեծերի հետ՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆ. Դավիթ Ղազարյանը ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությունը՝ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը կազմակերպելու և փառատոնի շրջանակներում Սփյուռքում գործող երաժշտական խմբերի այցը Հայրենիք կազմակերպելու  համար:

Հայաստանի երաժշտական ընկերության նախագահը շնորհավորեց Սփյուռքից ժամանած երգչախմբերին օգոստոսի 1-ին՝ Խմբերգային արվեստի օրերի բացմանն ունեցած փայլուն ելույթի համար և ուրախություն հայտնեց, որ համերգը նվիրված էր ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո  Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանին:

Դավիթ Ղազարյանը ներկայացրեց մաեստրոյի կյանքն ու գործունեությունը:

 Այնուհետև ելույթ ունեցավ Հովհաննես Չեքիջյանը: Աշխարհահռչակ խմբավարը Սփյուռքից ժամանած երաժիշտներին պատմեց իր կյանքում ունեցած դժվարությունների մասին և խորհուրդ տվեց երբեք չերկնչել խոչընդոտներից:

Մասնակիցներին ողջունեցին նաև Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Աթանես Առաքելյանը և Իվան Վարդանյանը:

Իրենց կոմիտասյան կատարումներով մասնակիցներին ողջունեցին Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի «Գայանե» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Մ.Անդրեասյանի և նորաստեղծ Երիտասարդական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Էմմա Առաքելյանի խմբավարությամբ:

Հանդիպման ավարտին փառատոնի մասնակիցներին նվիրեցին «Հայ երգահանների խմբերգերի ընտրանի» և Կոմիտասի մանկական խմբերգերի ժողովածուները:

unnamed (8) unnamed (9) unnamed (10)

Scroll Up