Օր 3-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցներն արժանացան գյումրեցիների ջերմ ընդունելությանը

Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի  «Խմբերգային  արվեստի  օրերի»  մասնակից  «Կոմիտաս» (ԱՄՆ),  «Ովսաննա» և «Նորահրաշ» (ՌԴ)  և «Արցախ» (Եգիպտոս) երգչախմբերը եղան Շիրակի մարզում:

Նրանք նախ այցելեցին Հառիճավանք, որտեղ կատարեցին «Հայր մերը»: Այնուհետև վանքի հոգևոր սպասավոր Գարեգին սարկավագ Կադեյանը փառատոնի մասնակիցներին ներկայացրեց եկեղեցական համալիրի պատմությունը, Կոմիտաս վարդապետի գործունեությունն այնտեղ: Սարկավագը մասնակիցների օրհնության կարգ մատուցեց և մաղթեց հաջող համերգային ծրագիր, որը տեղի ունեցավ երեկոյան՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Համերգային ծրագիրը բացեց  Միացյալ Նահանգներից ժամանած «Կոմիտաս» երգչախումբը՝ արժանանալով գյումրեցիների բուռն ծափողջույններին:

Դահլիճում առավել ոգևորություն տիրեց, երբ բեմ բարձրացան Մոսկվայից ժամանած «Նորահրաշ» երգչախմբի փոքրիկ կատարողները: Այնուհետև նրանց միացավ «Ովսաննա» երգչախումբը: Տպավորիչ էին նաև  Եգիպտոսի  «Արցախ»  երգչախմբի կատարումները:

Համերգային ծրագրի ավարտին իր խոսքում «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը  շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին նման ջերմ ընդունելության համար և շնորհավորեց փառատոնի մասնակիցներին , որ փայլուն ելույթներ ունեցան:

unnamed (1) unnamed

Scroll Up