ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությանը
Հուլիսի 4-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում կայացավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ներկաներին, կարևորեց ծրագրի դերը հայապահպանության գործում և վստահեցրեց, որ այն առաջիկայում առավել կընդլայնվի և կկատարելագործվի:
Արիտունցիները ողջունեցին հյուրերին, ներկայացրին իրենց տպավորությունները, ծրագրի շրջանակներում յուրացրած ազգային երգն ու պարը, ասմունքը և ստացած գիտելիքները: Կատարումների, հայրենիքին ձոնված բանաստեղծությունների միջոցով նրանք արտահայտեցին իրենց սերն ու նվիրվածությունը Հայրենիքի, նրա մշակույթի հանդեպ և վստահեցրին, որ դառնալու են հայապահպանության ու Հայրենիքի առաջընթացի երաշխավոր-առաջամարտիկներ, ընդմիշտ պահելու են կապը նոր ընկերների, հյուրընկալ ընտանիքների հետ: Նրանց զգացողությունների խտացված արտահայտությունը կարելի է համարել արիտունցիներից մեկի բանաստեղծության հետևյալ տողը՝ «Քո սերն եմ ես, իմ Հայաստան, որ ծնվել եմ օտար հողում»:
Ծրագրի այս փուլը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության յուրօրինակ խորհուրդն ուներ իր մեջ. «Արի տունը» հյուրընկալել էր նաև Արցախի ներկայացուցիչներին և երիտասարդության քաղաք հռչակված Սիսիանի լավագույն աշակերտներին, պատանիների և աղջիկների Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Լատվիայից, Սիրիայից, Լիբանանից: Ծրագրի այս փուլին մասնակցում էին 185 պատանիներ և աղջիկներ:
Նրանք բոլորն իրենց կրծքին կրում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը` հավատ ներշնչելով, որ հայոց պահանջատիրության կրողներն են լինելու:
Հյուրընկալ ընտանիքների անունից ներկաներին ողջունեց իր օջախում երեք երեխա հյուրընկալած բ.գ.թ., պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը:
Իր ելույթով ներկաներին հիացրեց Իմ Հայաստան ծրագրի մասնակից, Լիբանանի Հայ բարեգործական ընդհանուր միության «Արին» պարախումբը:
Երեխաներին իրենց խոսքով ու հայրենասիրական երգերով ոգևորեցին ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը և երգիչ Անդրեն:
Վերջում հրաժեշտի ավանդական խարույկի շուրջ թնդաց հայոց ավանդական քոչարին, խարույկ, որ խորհրդանշում է աշխարհացրիվ հայ պատանիների ու երիտասարդների հոգու ջերմությունը, որ նրանք ստանում են` մասնակցելով «Արի տուն» ծրագրին: