Գալյա և Ալինա Կոբելյաններ. «Հայաստանից ոգևորված՝ սկսել ենք ստեղծագործել…

Գալյան և Ալինա Կոբելյանները «Արի տուն» ծրագրին մասնակցելու են եկել  Ախալքալակից: Քույրերն ասում են՝ այնքան են ոգևորված Հայաստանով, որ սկսել են ստեղծագործել իրենց հայրենիքի մասին, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Կարդալով կհասկանաք, թե ինչքան շատ են լցված նրանք հայրենասիրությամբ,  ինչքան  հուզում ունեն  իրենց  հոգում…

 Մարդու ծնված օրվանից բնությունն իր գարունն է պարգևում մարդուն, և ամեն կրկնվող ծննդյան օրվան մեկ գարուն է գումարվում: Եվ տարիք առնելու հետ մարդու երազանքնել է փոխվում: Հիմա  կարծես թե  իմ երազանքներից մեկը իրականացավ. եկա և աչքովս տեսա իմ հերոս ազգի գործերը: Եղա իմ հայրենիքում. սա կատարյալ երջանկություն է: Ես երջանիկ եմ, որ այս օրերը անցկացրել եմ քո գրկում, Հայաստա՛ն:

Մտածում եմ՝ արդյո՞ք ես կլինեի այսպիսին, ինչպիսին կամ, կապված կլինե՞ի այսքան հոգով հայրենիքիս, եթե ծնվեի ու ապրեի հենց իմ Հայաստանում…

Այս օրերին եղա Հայաստանի տեսարժան վայրերում, իմ աչքերով տեսա ու հասկացա, թե ինչ հիասքանչ երկիր է Հայաստանը: Երկիր, որտեղ տղամարդիկ լեռներում  հպարտ պարում են քոչարին, երկիր, որտեղ կարելի է հանդիպել քարե զարմանալի շինությունների. այդ քարերը խոսում են հայերի դարավոր պատմության մասին: Երկիր, որին բազում անգամներ փորձել են թշնամիները վերացնել, բնաջնջել, սակայն նա ապրել է, և հիմա կա, աշխարհին Հայաստան անունով է հայտնի: Երկիր, որը չնայած բոլոր տանջանքներին ու ցավերին՝ կարողանում է  անկեղծ ուրախանալ: Երկիր, որը անչափ ցավ է տեսել: Այդ ցավերից բազմաթիվ մեծ հանճարներ են ծնվել, որոնցով հիմա հարստանում է հայ ազգը:

Այս զարմանալի երկիրը մագնիսի պես իրեն է ձգում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իր որդիներին:

Ուզում եմ, որ այն հայերը, ովքեր դեռ չեն եղել Հայաստանում, գան ու տեսնեն մեր զարմանահրաշ հայրենիքը, այցելեն այս սուրբ երկիրը, որովհետև միայն այդ դեպքում կարող ենք հասկանալ Հայաստան բառի բացատրությունը: Ուզում եմ, որ մյուս անգամ, երբ  գամ հայրենիք, նրան ավելի շենացած ու ծաղկած տեսնեմ:

Հայաստա՛ն, մի երկիր, որի պատմությունն անվերջ է, որի ճակատագիրը դառն է, իսկ ապագան կախված է միայ և միայն մեզանից…

Ուրեմն, հա՛յ ազգ, լինե՛նք միասին, ուս-ուսի տված, որպեսզի կարողանանք բարձր պահել հայի անունը, Հայաստան աշխարհը ու բոլորին ապացուցենք, որ հայը եղե՛լ է, կա՛ ու դեռ  պիտի՛ շատանա:

                                                                                                            Գալյա Կոբելյան

 

Հ.Գ. – Այս  շարադրությունը Գալյան ներկայացրել է Կուլիկանի հանրակրթական դպրոցի ստեղծագործական շարադրության մրցույթին և սպասում է արդյունքների ամփոփմանը: Նրան միայն հաղթանակ ենք մաղթում այդ մրցույթում:

Հայաստանին նվիրված բանաստեղծությունների այս շարքը տաղանդավոր քույրերից  Ալինա  Կոբելյանն է գրել…

Ծարավ…Կարոտ…և տենչանք,

Հոգուս  մեջ  են  զետեղված,

Նրանցով իսկ մարմնացած,

Հուշերով եմ ես լցված…

Հայրենատենչ կարոտի

Ծարավ խոր վերքն իմ  սրտի

Բուժել երբեք չի լինի…

Հայոց հողերը քանզի

Մզկիթներով բեռնված

Մեր բերդ ու վանք, եկեղեցի,

Դարձել են նրանց գերի,

Մեր Մուշ ու Վան և Կարսի

Փողոցներն անտեղի

Ճռնչյունով են լցված

Թուրքի բեռնված սայլերի…

Սպասումով են դեռ լցված

Քողված գագաթն Արարատի,

Քանզի կարոտ իր յարին,

Սպասումից վշտացած՝

Շուռ է տալիս ողջ տարին:

Իմ  ժողովու՛րդ, միշտ հա՛յ եղեք, միշտ մա՛րդ եղեք,

Իմ  հայ  ազգին  միշտ  վարդ  եղեք,

Հողմերի դեմ մի՛  օրորվեք,

Խոչընդոտից մի՛ մոլորվեք,

Մի՛ կործանեք ինքներդ ձեզ,

Եղե՛ք պաշտպան և՛ ձեզ, և՛  մեզ,

Ձեր հայ ազգը մի՛շտ սիրեցեք,

Հայրենիքին պաշտպա՛ն եղեք,

Հայոց լեզուն սովորեցե՛ք,

Հայ գրերը պահպանեցե՛ք,

Հետնորդներին անբիծ հանձնե՛ք,

Մի՛ երկնչեք բարդությունից,

Մի՛  ձեռ քաշեք, մեր մայր լեզվից,

Մի՛ հանձնվեք դուք  սարսափից,

Մի՛ կտրվեք Հայաստանից,

Մեր հարազատ հայոց լեզվից…

Իմ հայրենիքն է, Հայաստա՛ն,

Սակայն կարոտ եմ ես նրան,

Իմ հուշերում  Հայաստա՛ն,

Սակայն կարոտ եմ ես նրան,

Իմ վերքերում ես, Հայաստա՛ն,

Կդիմանամ, ախ ես կարոտին,

Իմ երգերում  միշտ Հայաստա՛ն,

Կերգեմ ես նրան,

Իմ կարոտի ու հուզումի

Զգացմունքն ես, իմ Հայաստա՛ն,

Դու իմ կյանքի ճանապարհի,

Գագաթնակետն ես, իմ Հայաստա՛ն…

                                                                

Պատրաստեց  Գևորգ  Չիչյանը

Scroll Up